«Առավել զգալի են լինելու քայլերը կրթության որակի և մատչելիության գործում: Բուհական կրթական համակարգում նախատեսում ենք շոշափելի փոփոխություններ իրականացնել:
Նախորդ տարիներին կուտակվել է հսկայական փորձ, և շարունակելու ենք առավել հետևողական լինել այդ հարցում»:
«Երկար տարիներ է, ինչ Իջևանում գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը, և դրա օրինակով կարող ենք ասել, որ այդ բուհը, ինչպես նաև հանրապետության մյուս բուհերը, պետք է դառնան ժամանակակից հասարակության և համայնքի առաջընթացի հենքը:
Հայաստանի համաչափ զարգացման առումով մարզային բուհերը կարևորագույն առաքելություն ունեն, և պետք է աչալրջորեն ու համակարգված ձևով հետևեն հասարակություն-գիտություն կապը խթանելու գործընթացին»:
«Երիտասարդի համար բուհ ընդունվելը կդառնա ավելի դյուրին, միաժամանակ, կրթության որակի և չափորոշիչների նկատմամբ լինելու ենք առավել խստապահանջ:
Բարձրագույն կրթությունը անվճար ենք դարձնելու անապահով ընտանիքների համար, մյուսների համար ապահովելու ենք երկարաժամկետ և մատչելի վարկավորման հնարավորություն:
Ուրախ եմ ձեզ հաղորդելու, որ արդեն փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ուսանող կարող է դիմել բանկերին և ստանալ կրթության համար վարկ առանց որևէ գրավի՝ միայն ու միայն ծնողների համաձայնությամբ, երկարաժամկետ, այնպես, որպեսզի այդ վարկը մարվի ուսում ստանալուց հետո»:
26.01.2013թ.