Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ա. Աշոտյան. «Կստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը»

Ս.թ. հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ բուհերի վարկանիշավորման  ազգային համակարգի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով  բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ դրա նպատակը բուհերի միջև մրցակցության և դրանց հաշվետվողականության բարձրացումն է, բուհական համակարգի շահառուների՝ բուհերի մասին բաց և թափանցիկ  տեղեկատվություն ստանալու հնարավորության ընդլայնումը, ինչպես նաև հասարակության  իրազեկվածության բարձրացումը` կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ:

«Աբողջ աշխարհում ընդունված է, որ այն երկրները, որոնց բուհերը հասկանալի պատճառներով չեն ընդգրկվում համաշխարհային բուհական վարկանիշավորման համակարգերում, մշակում են սեփական վարկանիշավորման համակարգերը: Եվ այս առումով Հայաստանը բացառություն չէ: Նշեմ, որ ազգային համակարգը մշակվել է`  հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը. ավելին` համակարգի մշակման գործընթացում ներգրավված են  եղել մարդիկ, ովքեր եղել են, օրինակ, Շանհայի և այլ միջազգային վարկանիշային համակարգերի հեղինակներ: Այսինքն` մենք ներկայացնում ենք տեղայնացված, ազգային առանձնահատկությունները հաշվի առնող, մեր կրթական միջավայրին հարմարեցված, բայց միջազգային փորձի վրա խարսխված տեղեկատվություն, որը կրում է փորձնական բնույթ: Այն մեթոդաբանությունը, որն ընդգրկում է տասնյակ չափանիշներ, մեկ տարվա ընթացքում լրամշակման կարիք ունի, որպեսզի արդյունքում ստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ նախարարությունը շնորհակալ կլինի բոլոր մասնագիտական կարծիքների համար: Նախարարը հավելել է նաև, որ վարկանիշավորման մշակման գործընթացի վրա մեծ ազդեցություն  է ունեցել սոցիոլոգիական հարցումը, որն արվել է` պարզելու հատկապես գործատուների շրջանում երիտասարդ կադրերի ներգրավվածության աստիճանը:
Նշենք, որ բացի Բոլոնիայի գործընթացի նոր տասնամյա ծրագրի գործողություններից, ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի մշակումը ներառված է եղել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի գերակա խնդիրների  և միջոցառումների ցանկում: ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը նպատակ ունի Հայաստանյան բուհերի խմբավորումը իրականացվել է երկու հիմնական չափանիշների հիման վրա: Դրանք են` բուհում առկա կրթական ծրագրերը՝ բակալավրի, մագիստրոսի, հետբուհակա, բուհում առկա մասնագիտական ոլորտների թիվը՝ մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթություն իրականացնող բուհեր և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթություն իրականացնող բուհեր, ինչպես նաև արվեստի բուհեր:
ՀՀ  բուհերի վարկանիշավորման  ազգային համակարգը հանրությանը հասանելի կլինի հունվարի 24-ից, ranking.armedu.am կայքում:

Աղբյուրը` edu.am