Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ռեկտոր պ-ն Ա. Սիմոնյանն Իջևանի մասնաճյուղում

Ս/թ հուլիսի 5-ին աշխատանքային այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր մայր բուհի ռեկտոր պ-ն Ա.Սիմոնյանը: Նրան ուղեկցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, գիտական քաղ. և միջ. համագործակցության գծով պրոռեկտոր Գ.Գևորգյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Հ.Ժամհարյանը, գլխավոր հաշվապահ Ռ.Գրիգորյանը, մի քանի ֆակուլտետների դեկաններ և ամբիոնների վարիչներ:

Աշխատանքային այցն սկսվեց Գոշավանքի վանական համալիրում, ուր իրենց ավարտական վկայականները ստացան շուրջ 60 շրջանավարտներ:

Տոնական միջոցառմանը մասնակցում էին ծնողներ, դասախոսներ, հյուրեր: Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաև ծնունդով տավուշեցի աշուղ Աստղանուշը:

Կազմակերպված էր նաև ցուցահանդես, որտեղ Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտները ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները:

ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը Իջևանի մասնաճյուղի  գերազանց առաջադիմություն ունեցող 39 շրջանավարտների հանդիսավոր հանձնեց կարմիր դիպլոմներ:

ԵՊՀ ռեկտորը գոհ էր մասնաճյուղում իրականացվող աշխատանքներից: Նա նշեց, որ մասնաճյուղը կայացած հաստատություն է, որն իր գոյության 18 տարիներին երեք հազարից ավելի շրջանավարտներ է ունեցել, որոնցից շատերն աշխատում են իրենց մասնագիտությամբ:

Ա.Սիմոնյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց. “Ձեր առջև բացվում է հնարավորությունների դժվարին ճանապարհ, բայց այն հաղթահարելի է, եթե ունեք կամք, անհրաժեշտ գիտելիքներ”:

Անդրադառնալով օրվա խորհրդին` Ա.Սիմոնյանը նկատեց. ” Պետք է շարունակենք Գոշավանքի դպրատան ավանդույթները, և Իջևանի մասնաճյուղի ուսանողները մեկ անգամ ևս պետք է ապացուցեն, որ մշակութային խոշոր օջախների հարատևությունը պայմանավորված է իրենցով”:

Ուսանողներին շնորհավորեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն պ-ն Ս.Առաքելյանը: Նա նշեց. “Անհրաժեշտ է ուսանողներին կապել հոգևոր կյանքի հետ: Հարկ է, որ նրանք ճանաչեն տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները”:

Ներկաները որոշեցին առաջիկայում այցելել Գոշավանք և բարեկարգել միջնադարյան մեծ առակագիր և օրենսգիր Մխիթար Գոշի գերեզմանի հարակից տարածքը:

Աշխատանքային այցի երկրորդ հատվածում տեղի ունեցավ գիտխորհրդի ընդլայնված նիստ: Հաշվետու զեկույցով հանդես եկավ ԵՊՀ Իմ տնօրեն պ-ն Ս.Առաքելյանը: Նա ներկայացրեց 2011-2012 ուստարում մասնաճյուղում կատարված ուսումնամեթոդական և գիտական մեծածավալ աշխատանքները, առկա խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները:

Առաջադրված հարցերի շուրջ ծավալվեց քննարկում, որն ամփոփեց ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը` կարևորելով հետագա սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը:

Խորհրդակցությունից հետո ԵՊՀ մի շարք ֆակուլտետների դեկաններ և ամբիոնների վարիչներ քննարկումները շարունակեցին մասնաճյուղի համապատասխան ֆակուլտետներում և ամբիոններում, մշակեցին հետագա համագործակցության ժամանակացույց: