Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղն անցկացրեց դպրոցական օլիմպիադան

2013թ. մարտի 16-ին ԵՊՀ-Ի ՄԿՄԿ վարչության կողմից հանրակրթական բոլոր առարկաներից կազմակերպվեց օլիմպիադա, որի նպատակն էր շնորհալի և ստեղծագործական կարողություն ունեցող երեխաների հայտնաբերումը,  նրանց հետ  անհատական աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաև ուսումնական առարկաների  նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացումը:

Տավուշի մարզի  ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանների  աշակերտները օլիմպիադային մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ում, որտեղ այդ աշխատանքներն իրականացրեց մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման  բաժինը:

Ժամը 10:30-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանի հանդիպումը օլիմպիադայի մասնակիցների հետ: Նրանց նախ ողջունեց ՄԿՄԿ բաժնի վարիչ Վ. Չոբանյանը, ապա խոսքը փոխանցեց տնօրեն Ս.Առաքելյանին:

Դպրոց-համալսարան կապի ամրապնդման, համալսարանական կյանքին նախապատրաստվելու իմաստով տնօրենը կարևորեց օլիմպիադայի անցկացումը համալսարանում, աշակերտներին կոչ արեց լավ սովորել: «Թո´ղ աշխատասիրությունը լինի կյանքում հաստատվելու ձեր գրավականը»,- մասնավորապես նշեց նա:

Օլիմպիադային հատկացվեց 4 ժամ: Հանրակրթական 12 առարկաներից օլիմպիադային մասնակցեցին Տավուշի մարզի ավագ և միջնակարգ 58 դպրոցներից 29-ը` 232 աշակերտներով:

Արդյունքների ամփոփումը և օլիմպիադայի պաշտոնական փակումը տեղի կունենան ապրիլի 5-ին:

Արդյունքների մասին կարող եք տեղեկանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կայքի (ijevan.ysu.am) միջոցով: