Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ներկայացվեց «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկը

2015թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկը ներկայացրին գրքի 4 համահեղինակներից ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը և ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների ղեկավարները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Նախ ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահը համառոտ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի նպատակները և գործունեությունը, մասնաճյուղի գրադարանի համար բերած գիտական հոդվածների ժողովածուները և ՈՒԳԸ-ի հրատարակած այլ նյութերը:

Այնուհետև Միքայել Մալխասյանը խոսեց գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցման ծրագրի և դրա արդյունքում ստեղծված «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի մասին:

Գրքի համահեղինակ, ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանն անդրադարձավ ձեռնարկի կառուցվածքին և բովանդակությանը:

Մեթոդական ձեռնարկի և հոդվածների ժողովածուների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ԵՊՀ ՈՒԳԸ-ի հրատարակումների կայքում՝ http://ysu.am/ssspub:

Հանդիպման վերջում ներկաներին միացավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Նա շնորհավորեց Միքայել Մալխասյանին օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվելու կապակցությամբ՝ նշելով նրա գիտական (40 գիտական հոդված, 4 մենագրություն) և կազմակերպչական ակտիվ գործունեությունը:

Տնօրենը շեշտեց, որ ուսանողական կառույցնեը դարբնոց են կյանքում ինքնահաստատվելու համար: Նշվեց նաև, որ օրերս Դիլիջանում ընթացող ամառային դպրոցի կազմակերպիչների և դասախոսների մեծ մասը ԵՊՀ ՈՒԳԸ-ի բովով անցած անձինք են:

Ս.Առաքելյանը ուսանողներին կոչ արեց լինել ակտիվ, մասնակցել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, կատարել գիտական աշխատանքներ, իսկ ուսանողական կառույցների ղեկավարներին հորդորեց խորացնել համագործակցությունը Մայր բուհի ուսանողական կառույցների հետ:

Մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը Միքայել Մալխասյանին նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը: