Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտական աշխատանքների պաշտպանությունը կիրառական արվեստի ֆակուլտետում

2012թ. մայիսի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում առաջին անգամ իրականացվեց ավարտական աշխատանքների պաշտպանություն՝ կրեդիտային համակարգի պահանջներին համապատասխան:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ նկարիչների միության նախագահ, վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Կ. Աղամյանը:

Տարեվերջյան հաշվետու ցուցադրումներին ներկայացված էին 36 շրջանավարտի աշխատանքներ: Այս տարվա ավարտական աշխատանքները միավորված էին «Ղարաբաղն իմ աչքերով» ընդհանուր խորագրի ներքո:

Հանձնաժողովը կարևորեց ավարտական աշխատանքների թեմաների բազմազանությունը, ստեղծագործական հետաքրքիր լուծումները և կատարման բարձր վարպետությունը: 12 ուսանող արժանացան «գերազանց», 16-ը` «լավ», 8-ը` «բավարար» գնահատականների:

Պետական ավարտական հանձնաժողովն առանձնացրեց Ալբերտ Գաբրիելյանի «Հարսանիք Վանք գյուղում» գեղանկարը, Անահիտ Գասպարյանի «Արցախ» գոբելենը,Արուսյակ Գրիգորյանի «Հայրենիք» վիտրաժային նկարը, Նանե Դանիելյանի «Մայրաբերդ» գոբելենը: Տպավորիչ էին նաև Վարդուհի Վարդանյանի և Գայանե Մինասյանի աշխատանքները:

Շրջանավարտների նրբաճաշակ, հմուտ և ինքնատիպ ստեղծագործությունների շնորհիվ ավարտական աշխատանքների դիտումները վերածվեցին իսկական տոնի և գույների հրավառության`  գեղագիտական հաճույք պատճառելով ներկաներին:

Ալբերտ Գաբրիելյան, «Հարսանիք Վանք գյուղում»

Անահիտ Գասպարյան, «Արցախ»

Արուսյակ Գրիգորյան, «Հայրենիք»

Նանե Դանիելյան, «Մայրաբերդ»

Վարդուհի Վարդանյան, «Գանձասար»

Գայանե Մինասյան, «Ջրի ճամփան»