Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ՈՒԳԸ ընդլայնված նիստը

2013 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցավ մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության ընդլայնված նիստը: Նիստին ներկա էին 30-ից ավելի ուսանողներ` ԵՊՀ ԻՄ բոլոր ֆակուլտետներից: Նիստը վարում էր ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

Զեկուցողը հակիրճ ներկայացրեց վերջին տարվա (իր նախագահ ընտրվելուց ի վեր) ծավալած գործունեության մասին՝ թվարկելով առավել նշանակալից միջոցառումները:

Այնուհետև ներկայացվեց Ընկերության գիտական խորհրդի կողմից մշակված կիսամյակային գործունեության ծրագրի նախնական տարբերակը: Ներկաները հանդես եկան դիտողություններով և առաջարկներով, որի արդյունքում էլ հաստատվեց ծրագիրը:

Զեկուցողը կարևորեց ՈՒԳԸ կառուցվածքում նոր միավորների՝ տեղեկատվական հանձնաժողովի և աշխատակազմի ստեղծումը: Նշվեց  նաև Ընկերության անդամների` նախորդ ուսումնական կիսամյակում մասնաճյուղի Կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի աշխատանքներին մասնակցելու մասին և ուսանողներին կոչ արեց ընդգրկվել այդ աշխատանքներում:

ՈՒԳԸ-ն արդեն սկսել է մարզի սահմանամերձ գյուղերի համար գրքերի հավաքագրման գործը, իսկ առաջիկայում կկազմակերպի սեմինար-քննարկումներ, դասեր դպրոցներում, ֆիլմերի ցուցադրություններ, ինտելեկտուալ խաղ, ինչպես նաև պլանավորված է դեկտեմբերին կազմակերպված գիտաժողովի հոդվածների և վերջին 2 տարիների ընթացքում ընթերցված գիտական զեկուցումների ժողովածուների տպագրություն:

Այս ամենի մասին ավելի մանրամասն կհաղորդվի կայքի և հայտարարությունների տախտակների միջոցով: