Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սկսված է նոր ուսումնական տարին

Նոր  ուսումնական տարին ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում սկսվեց  մեկնարկային խորհրդակցությամբ:  Մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը նոր ուսումնական տարվա և այն  ազդարարող Գիտելիքի օրվա առթիվ ջերմորեն  շնորհավորեց  կրթօջախի դահլիճում հավաքված ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին` մաղթելով նրանց աշխատանքային խանդավառություն,  գիտական նոր ձեռքբերումներ,  բարձր կարգա­պահություն, կայուն  ու հարուստ գիտելիքներ,  ուսման որակի աննախընթաց բարձրացում: Այդ ամենի համար կրթօջախում ստեղծվել են բոլոր պայմանները.  նորոգվել-թարմացվել են լսարանները, ամբիոնները, հարստացվել  է գրադարանը, համակարգչային սրահը, գործում են նորաստեղծ երկու բուֆետները, բուժկետը,   և, ամենակարևորը, ստեծվում է  մասնա­ճյուղի   էլեկտրոնային կայքը, որի  նպատակն  ուսման  գործընթացին մեծապես  նպաստելն է. կայքում կտեղադրվեն դասախոսների դասախոսությունները, կրթական համակարգի հետ կապված տեղեկատվություն, համալսարանական առօրյան ներկայացնող ու լուսաբանղ հաղորդագրություններ , լուսանկարներ և այլն:

Համալսարանում  հետևողականորեն իրականացվում են կրթական բարեփոխում­ները,  առանձնապես լուրջ և հետևողական աշխատանքներ  են իրականացվում  շրջա­նավարտների  մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ, որի արդյունքում  կփոխվի  բուհական կրթության ոլորտի վերաբերյալ հասարակական ընկալումը: Մասնաճյուղում գործում է Որակի հանձնաժողովը,  որի գերխնդիրը որակի ապահովումն է հաստատության բոլոր ենթակառույցներում, ռազմավարական  ծրագրի  իրականացման ողջ  գործընթացում:

– Համոզված եմ, որ  մասնաճյուղն իր բոլոր ֆակուլտետներով, ամբիոններով և ուսանողների հետ պատվով կկատարի գիտական առաջընթացին և այսօրվա  պահանջներին  ու չափանիշներին  համապատասխան որակյալ շրջանավարտներ պատրաստելու   հայրե­նանվեր գործը, որ անհրաժեշտ է  հայոց պետականության հարատևման, ազգային առաջընթացի համար, – վերջում նշեց հաստատության տնօրեն Ս. Առաքելյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էր Իջևանի թիվ 51191 զորամասի հրամանատար գնդապետ  Մ. Մախսուդյանը, որը ջերմորեն շնորհավորեց դասախոսներին և ուսանողներին նոր ուսումնական տարվա առթիվ, առանձնապես հայրենիքի վաղվա զինվորներին, ովքեր պարտավոր են  լինել  գրագետ, քաղաքականապես զարգացած,  տոգորված պատասխանատվության բարձր զգացումով: