Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Եվրոպական միության պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2014թ. մարտի 28-ին Եվրոպական միության պատվիրակության մարզային այցելությունների շրջանակում մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպեցին պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսը, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքը, ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը և պատվիրակության աշխատակից Բեն Քենարդը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Վարդան Ալեքսանյանը:  Նա միջազգային պատվիրակներին համառոտ ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը, խոսեց գործող մասնագիտությունների մասին, ընդգծեց մասնաճյուղի դերը ինչպես կրթության, այնպես էլ ժողովրդագրության տեսանկյունից: Վ.Ալեքսանյանը կարևորեց նաև պատվիրակության այցը մասնաճյուղ` շեշտելով, որ ՀՀ-ի համար կարևոր  է բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը, իսկ Եվրոպան շարունակում է մնալ որպես դեմոկրատական արժեքների ջահակիր:

Հանդիպման ընթացքում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ փոքրածավալ դասախոսությամբ, խոսեց ԵՄ Արևելյան գործընկերության մասին: Դեսպանը նշեց, որ ԵՄ և ՀՀ միջև հարաբերությունները սկսվել են կայուն կերպով զարգանալ 1990-ական թվականների սկզբից: ԵՄ-Հայաստան համագործակցությունն ակնհայտ կերպով  ամրապնդվեց 2006թ. նոյեմբերին հաստատված ԵՀՔ Գործողությունների ծրագրի ընդունումից հետո: Հիշեցրեց, որ  ԵՄ-Հայասատան հարաբերությունների հիմքում  ընկած է Գործընկերության և համագործակցության համաձայնագրով նախանշված ժողովրդավարության, շուկայական տնտեսության, միջազգային իրավունքի սկզբունքների ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Տրայան Հրիսթեան համառոտ ներկայացրեց Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունը, գործնական ձեռքբերումները:

Վերջում դեսպանը պատասխանեց ուսանողների  և դասախոսների հարցերին, շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակությանը հյուրընկալելու համար:

Մասնաճյուղից հյուրերը հեռացան նորից հանդիպելու ակնկալիքով: