Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. մայիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց  ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:

Մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի ունեցավ վաստակավոր պատմաբանի հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:

Նախ  մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց պատվավոր հյուրին և ընդհանուր գծերով ներկայացրեց վաստակավոր պատմաբանի անցած ուղին:

Այնուհետև Ա.Մելքոնյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայացքները` կուռ տրամաբանությամբ քննադատության ենթարկելով հայոց պատմության կեղծարարներին և հատկապես թուրք-ադրբեջանական պատմաշինարարներին:

«Մենք պետք է նահանջենք ճանաչումից, որն արդեն իրողություն է: Անհրաժեշտ է խոսել հատուցման մասին»,- նշեց նա: Ա. Մելքոնյանը մատաղ սերնդին կոչ արեց լինել հաստատակամ և նպատակասլաց` հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

Անվանի պատմաբանը նաև պատասխանեց ներկաների հարցերին:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը նրան շնորհակալություն հայտնեց հետաքրքիր և բազմաբովանդակ վերլուծության համար` ակնկալելով, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Վերջում Ա.Մելքոնյանը մասնաճյուղի գրադարանին նվիրեց իր նոր տպագրված «Հայոց պատմության դասերն ու պատգամները» գիրքը: