Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր

joinourteam
 

Հարգելի Ուսանողներ,

Ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի ս. թ. փետրվարի 15-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. ապրիլի 30-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն,
  2. Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  3. Դրական մոտեցում/էնտուզիազմ,
  4. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
  5. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հունվարի 21-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը կամ դիմել https://www.mts.am կայքում:

 

 
Աղբյուրը՝ https://www.mts.am