Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Համակարգչային գրաֆիկա» մասնագիտության I կուրսում «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդումը՝ հետաքրքիր մոտեցմամբ

2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակում՝ «Ինֆորմատիկա» դասընթացի շրջանակներում, ԵՊՀ ԻՄ-ի Կիրառական արվեստի ֆակուլտետի «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտության I կուրսի ուսանողները ՏՏ տեխնոլոգիաների միջոցով ներկայացրին գեղեցիկի վերաբերյալ իրենց մտահղացումները:

Դասախոս Քնար Օթարյանի խոսքով՝ ուսանողների մեջ լրացուցիչ հետաքրքրություն առաջացնելու, նրանց գործնական հմտությունները զարգացնելու նպատակով «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդումը հնարավորինս համապատասխանեցվել է սովորողների նախասիրություններին և ընդունակություններին:

Յուրացնելով «Scratch» ծրագրավորման լեզուն, որը տեքստային, գրաֆիկական, ձայնային, անիմացիոն և աուդիո խմբագիր է՝ ուսանողները «Scratch»-ով ստեղծել են տարբեր նախագծեր (ինտերակտիվ, մուլտիմեդիա, շնորհանդես, աշխատանք ֆրակտալ գրաֆիկայով և այլն):

Այսպես՝ 1-ին կուրսի ուսանողուհի Կարինե Ալավերդյանը, ուսումնասիրելով Սերպինսկու եռանկյունը և այն զուգակցելով ստացած գիտելիքներին, գրել է հետաքրքիր ծրագիր: Դրա համաձայն՝ իր իսկ նկարած Արարատ լեռան ֆոնի վրա զուգահեռ ցուցադրվում են երեք շարժվող դրվագներ. երկուսը գծագրում են մասշտաբի փոքրացումով կրկնվող եռանկյուններ, իսկ գունափոխվող արևը մերթ պտտվում է, մերթ տեղափոխվում 2 գագաթների միջակայքում: Տեղադրված ժամացույցը վերահսկում է այդ ամենը:

K.Alaverdyan

Գուրգեն Դալյանն, օրինակ, ուսումնասիրելով «Scratch» համակարգի աուդիո հնարավորությունները, համակարգչային ստեղնաշարը վերածել է երեք օկտավայով նվագող դաշնամուրային ստեղնաշարի:

G-Dalyan

Բավարար ալգորիթմական մտածողություն ձեռք բերելուց հետո ուսանողները սերտել են «VBA» լեզուն Excel միջավայրի համար և գրել են կիրառական ծրագրեր:

VBA-Hashvich

Դասախոսի հանձնարարությամբ՝ ուսանողները, ուսումնասիելով Ֆիբոնաչիի թվերի հաջորդականությունը և ոսկե հատույթի մեթոդը, որոնք Լեոնարդո դա Վինչին կիրառել է իր ստեղծագործություններում, գրել են ինքնուրույն աշխատանքներ և նշյալ մեթոդներով արել նկարներ:

fibonachi

«Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ միևնույն առարկան տարբեր մասնագիտական լսարաններում պետք է տարբեր ձևով մատուցել: Տվյալ դեպքում հաջող փորձ է արված իրար զուգորդելու մաթեմատիկական ու գեղագիտական սկզբունքները, որից ավելի շահավետ է դարձել առարկայի դասավանդումը», – նշեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, գեղագետ-գծանկարիչ Լևոն Լաճիկյանը՝ տվյալ առարկայի դասավանդման վերաբերյալ իր կարծիքն արտահայտելով: