Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում

2014թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Նախ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց և շնորհավորեց ուսանողներին, շեշտեց, որ ի դեմս նրանց` ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր մեր ապագայի կերտողներն են, օժտված են իրենց ընտանիքի, հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումով, տնօրենության անունից հղեց բարեմաղթանքներ:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը` ուսանողներին մաղթելով նպատակասլացություն, մեծ ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքի բոլոր բնագավառներում:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տաղանդավոր ուսանողները կատարեցին հայ դասականների կողմից գրված բանաստեղծություններ, ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր:

Մասնակիցների կողմից գովերգվեց տարվա գեղեցիկ եղանակներից մեկը` «ոսկեթել երազների հանգրվան» աշունը, ներկայացվեց ուսանողների տոնի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն:

Տոնական դահլիճում թևածեց սիրո մեղեդին, բեմի վրա ալիքվեց նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը:

Ուսանողների տոնի կապակցությամբ անակնկալ նվեր մատուցեցին հանդիսատեսներից Հեռակա ուսուցման բաժնի «Սերվիս» մասնագիտության I կուրսի ուսանող Գևորգ Ամիրխանյանը (երգ) և մասնաճյուղի աշխատակից Շողիկ Անտոնյանը (սրբապատկեր):

Միջոցառման բոլոր լուսանկարները