Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի հետ` ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգի վերաբերյալ

ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը հարցազրույց ունեցավ  մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի հետ:

 

-Պարո՛ն Դավթյան,  ԵՊՀ գիտական խորհրդի 2014թ. սեպտեմբերի 25-ի նիստում հաստատվել է Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգը: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել, հատկապես ո՞ր ենթակետերին կցանկանայիք անդրադառնալ:

– Նոր կանոնակարգում փոփոխություններ են կատարվել գլխավորապես 10-րդ կետի դրույթներում: Այսպես` նախկին կանոնակարգից հանվել է մեկ ենթակետ, և ավելացվել են մի շարք նոր ենթակետեր: Հանվել է նախկին կանոնակարգի 10.4 ենթակետը, այն է` մասնակի փոխհատուցում տրվում է վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին:

Ավելացել  են 10.2, 10.7, 10.10 ենթակետերը, որոնց համաձայն` մասնակի փոխհատուցում տրվում է.

  • 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը (10.2),
  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (համապատասխան տեղեկանքի ներկայացման դեպքում) (10.7),
  • մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների) երեխա ուսանողներին (համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում) (10.10):

Կատարված փոփոխություններից հատկանշական է և այն, որ նոր կանոնակարգում ըստ կետերի նշված են զեղչերի տոկոսները:

-Պարո՛ն Դավթյան, հայտնի է, որ եթե նախկինում մասնակի փոխհատուցում տրվում էր վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին (10.4), ապա այժմ երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին (10.5): Ի՞նչ եք կարծում` արդյոք այդ փոփոխությունը բացասաբար չի՞ անդրադառնա դիմորդների թվի վրա:

-Կարծում եմ, որ բացասաբար չի ազդի, քանի որ այսօր կրթական համակարգը բավականին ճկուն է. այն լավ սովորողին թույլ է տալիս վճարովի ուսուցման համակարգից անցնել անվճարի: Ինչու՞ օգտվել մասնակի փոխհատուցումից, եթե մրցույթով կարելի է անցնել անվճար համակարգ:

-Սույն կանոնակարգով, պարո՛ն Դավթյան, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն ի՞նչ առավելություններ ունեն:

-Այդ առումով ուշագրավ է 10.9 ենթակետում կատարված փոփոխությունը. եթե նախկինում մասնակի փոխհատուցում տրվում էր ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը բարձր է 18-ից) ունեցող ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով, ապա այժմ երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին: