Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից ուսանողների բավարարվածության վերաբերյալ հարցման (ֆոկուս-խմբերի միջոցով) արդյունքների շուրջ

2016թ. նոյեմբերից մինչև 2017թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բոլոր մասնագի­տությունների ավարտական կուրսերի ուսանողների (ֆոկուս-խմբերի) շրջանում ՄԿՈԱ բաժնի կողմից անց է կացվել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից ուսանողների բավարարվածության վերաբերյալ հարցում:

Այդ հարցման արդյունքների շուրջ հարցազրույց ունեցանք Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի մասնագետ, սոցիոլոգ, փ.գ.թ., դոցենտ Էդիկ Կյուրեղյանի հետ.

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումներից ներքին շահակիցների բավարարվածության վերաբերյալ հարցման (2015թ.) արդյունքների շուրջ

-Պարոն Կյուրեղյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում անցկացված հարցումը, և հատկապես ո՞ր ոլորտում են կիրառելի այդ ուսումնասիրության արդյունքները:

 -Հասարակական կարծիքի հարցումները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում աստիճանաբար ձեռք են բերում առօրյա բնույթ: Դրանք վերաբերում են բուհական կրթության կազմակերպման ամենատարբեր հիմնահարցերի՝ ստացած կրթությունից ուսանողների բավարարվածությանը, պրակտիկաների կազմակերպման արդյունավետությանը, գնահատման համակարգի օպտիմալությանը, բուհ-գործատու կապի արդյունավետությանը, առկա ռեսուրսներից ու ծառայություններից պրոֆեսորադասախոսական ու սպասարկող անձնակազմերի բավարարվածությանը և այլն:

Տվյալ խնդիրների վերաբերյալ ՄԿՈԱ բաժնի կողմից վերջին 4-5 տարիներին մասնաճյուղում անցկացված հարցումների արդյունքները հաշվետվության տեսքով ներկայացվել են ուսանողական և դասախոսական հանրությանը, ստացված հետևություններն ու կատարված առաջարկությունները քննարկվել են տարբեր մակարդակներում, նախանշվել են առօրյա աշխատանքում դրանց կիրառման հնարավորությունները:

Մասնաճյուղի ղեկավարությունը, կարևորելով բուհի՝ գիտականորեն հիմ­նա­վոր­­ված կառավարումը,  նման հարցումների պատվիրատուն է և գործնականում կիրառելի արդյունքների պահանջատերը: Մյուս կողմից՝ մասնաճյուղում ընթանում են գործընթացներ՝ «Կրթական ծրագրի պատասխանատու»-ի ինստիտուտի կայացման ուղղությամբ:

Թերևս նրա գլխավոր իմաստներից մեկն այն է, որ առկա տնտեսաքաղաքական ու սոցիալ-մշակութային իրողությունների պայմաններում ավելի արդյունավետ գործի մասնագիտական պատրաստության համակարգը,  օպտիմալացվի ուսումնական պլանների տարբեր բլոկների փոխկապակցվածությունը, ճշգրտվեն ու կատարելագործվեն առարկայական ծրագրերը, ավելի մեծ ուշադրություն դարձվի գիտելիքների գործնական կիրառության խնդիրներին և այլն:

Այս համատեքստում չափազանց կարևոր են ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ ուսանողների կարծիք-գնահատականներն ու առաջարկությունները:

 -Կարո՞ղ եք առանձնացնել մասնաճյուղում ստացած կրթությունից ուսանողների բավարարվածության մի քանի փաստարկ, որոնք մեծ տոկոս են կազմում հարցման ընդհանուր արդյունքների մեջ:

 -Փաստենք, որ ընդհանուր հետևությունները սոցիալ-վիճակագրական իմաստով լիովին համադրելի են նախորդ հարցումներից ստացված եզրակացությունների հետ: Հակիրճ դրանք հանգում են հետևյալին.

  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կայացած ու շարժուն զարգացող բարձրագույն կրթօջախ է, որը պատվով է կրում իր առաքելությունը և անկախ պետականության 25-ամյա պատմության մեջ տարածաշրջանի ազգաբնակչության ու իշխանությունների գլխավոր ձեռքբերումներից ու հպարտություններից մեկն է, մայր բուհի արժանի մասնիկն ու կրթագիտական նվաճումների ժառանգորդը, ձեռքբերում, որը հավակնում է դառնալ (եթե արդեն չի դարձել) Տավուշի մարզի գիտամշակութային հարստություն-խորհրդանիշերից:
  • Մասնաճյուղի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը աշխատում են արդյունավետորեն, կարգապահությունը թե՛ լսարաններում և թե՛ արտալսարանային համալսարանական միջավայրում պատշաճ մակարդակի է:
  • Ուսումնակազմակերպչական ստորաբաժանումները (դեկանատներ, ամբիոններ, խորհրդատվական ծառայություններ, Ուսումնամեթոդական վարչություն, մասնաճյուղի կայքէջ, գրադարան, սպասարկող անձնակազմ և այլն) հստակ իրագործում են իրենց պարտավորությունները:
  • Դասախոսների ու կրթության կազմակերպիչների կողմից ուսանողների գիտելիքները գնահատվում են արդարացիորեն:
  • Ուսումնառության ընթացքում ձեռք բերված տեսագործնական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները անհրաժեշտ որակի են:

 -Պարոն Կյուրեղյան, ի՞նչ խնդիրներ բացահայտվեցին հարցման հիման վրա:

 -«Կրթական ծրագրի պատասխանատու»-ի ինստիտուտի ներմուծումը օբյեկտիվորեն պահանջում է ուսանողության ավելի ակտիվ ու նորովի ներգրավումը ուսումնական գործընթացներում: Արդիական ու հրատապ են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մասնագիտական կողմնորոշումը, աշխատանքի տեղավորումը, դասախոսների անձնային որակներն ու միջանձնային հարաբերությունները:

Վերահաստատվեցին նախորդ հարցումներից ստացված վիճակագրական այն հետևությունները, թե կրթօջախում իրագործվող ներկայիս բարեփոխումների մեջ ավելի է կարևորվում մի շարք կառույցների գործունեությունը (Ուսանողական խորհուրդ, Շրջանավարտների և կարիերայի կենտրոն, Ուսանողների իրավունքները պաշտպանող հանձնաժողով), որի վերաբերյալ հարցման մասնակիցների մի մասը դրսևորեց լիարժեք իրազեկության պակաս:

Ուսանողության, հատկապես նրա առաջադիմող ու շահախնդիր հատվածի համար հրատապ են մնում պրակտիկաների անցկացման վայրերի, ժամանակահատվածի հարմարության ու արդյունավետության, պրակտիկայի վայրում իրենց վարժվելու ու հմտանալու հանդեպ պատասխանատուների պատշաճ վերաբերմունքի հարցերը:

Եվ, իհարկե, ուսանողների մեծ մասն այն կարծիքին է, որ գիտելիքների արդյունավետ յուրացման առումով բարոյահոգեբանական լուրջ նշանակություն ունեն դասախոսի անձնային ցանկալի որակները և ուսանողների միջանձնային ոչ պաշտոնական հարաբերությունները:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Վանյան Հասմիկ Սամվելի