Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Շիրակ Արմենակի Գասպարյան

Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թվականի հունիսի 6-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում։ Սովորել է տեղի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դեռ պատանեկան տարիներից նրա հետաքրքրությունների շրջանակում է եղել ֆուտբոլը, և ոչ միայն սիրել է այդ սպորտաձևը և լավագույն ֆուտբոլիստների հաջողությունների ու նետած գնդակների թվերն է իմացել, այլև զբաղվել է ֆուտբոլով և բազմաթիվ հաջողություններ գրանցելով` հնարավորություն է ձեռք բերել՝ մասնակցելու Թբիլիսիում կայանալիք ընկերական մի շարք խաղերի։

Դպրոցական տարիներին աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ և մեծ սեր է դրսևորել պատմության նկատմամբ։ Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Պատմություն» մասնագիտությամբ։

Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, նախագահել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, ապա եղել է կառույցի փոխնախագահը։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և բարձր պատվով ներկայացրել համալսարանը։

2020թ. հուլիսի 29-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Վիճակահանության արդյունքում ծառայության է անցել ԼՂՀ-ում։ Ելնելով համաճարակային պայմաններից՝ մինչև օգոստոսի 18-ը ծառայությունն անցկացրել է Մարտունի 2-ում, ապա տեղափոխվել է հիմնական ծառայության զորամաս՝ Ջրական։ Ծառայել է 5-րդ ուսումնական գումարտակում՝ «Առանձիններում», ականանետի վրա (D1-D2): Պատասխանատու ծառայության շնորհիվ մեկ ամիս անց ամբողջությամբ տիրապետել է զենքին։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել է հենց առաջին օրից՝ լինելով առաջնագծում։ Մինչև հոկտեմբերի 5-ը հրետանավոր ընկերների հետ պաշտպանել է Ջրականի դիրքերը, ապա նահանջել է Հադրութ։ Հոկտեմբերի 8-ին, ստանալով հատուկ առաջադրանք, «Առանձինները» տեղափոխվել են Ահար լեռան լանջ, որպեսզի օգնեն զինակիցներին՝ ծուղակից դուրս գալու։ Հոկտեմբերի 9-ին հակառակորդի վարձկան-ահաբեկիչների բազմահազարանոց զորքի հարձակումից հետո, կրելով մեծ թվով կորուստներ, Թաղասեռ գյուղում ընկել է շրջափակման մեջ։ Մնալով առանց հրամանատար՝ ստանձնել է հրամանատարի պարտականությունները։ Կապի դուրս գալով հրամկազմի հետ՝ օգնություն են խնդրել, սակայն թշնամու զորքը ճեղքել չի հաջողվել։ Թշնամու համար աննկատ մնալու համար հրամկազմի ցուցումով բաժանվել են 5-6 հոգանոց խմբերի և անընդհատ փոխել են թաքստոցները՝ տեղափոխվելով Վանք գյուղ, հարակից անտառ, բնակելի տների նկուղներ։ Խմբերն անընդհատ միացել և բաժանվել են։ Տղաները, երբ վերջին անգամ կապի են դուրս եկել, տեղեկացրել են, որ հակառակորդից թաքնվելու համար անտառ են մտնում։ Հակառակորդը շուտով հայտնաբերել է տղաներին՝ փորձելով գերեվարել։ Հակառակորդի պահանջներին չենթարկվելով և հրաժարվելով գերության մտքից՝ ստացել է հրազենի կրակոց և տեղում մահացել։

2021 թվականի ապրիլի 10-ին հետմահու արժանացել է Արիության մեդալի։