Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան

2012թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  Ուսանողների միջազգային օրվան նվիրված «Հայ քնարերգության գոհարները երաժշտության մեջ» խորագրով գեղարվեստական միջոցառումը, որը նախաձեռնել և կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Ա. Սարհատյանը:

Նախ մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը սրտանց շնորհավորեց բոլոր ուսանողներին, տնօրենության անունից հղեց բարեմաղթանքներ: Նա նշեց. «Բոլոր ժամանակներում էլ եղել է «հայրերի և որդիների» խնդիրը: Մենք պատասխանատու ենք ձե՛ր առաջ, դուք՝ ձեզանից հետո եկող սերնդի առաջ: Փա՛ռք ու պատի՛վ այն սերնդին, որը կարողանում է արժանավայել կերպով տանել իր խաչը: Այս սերնդի ուսերին է դրված հայրենիքը տնտեսապես շենացնելու, հզոր երկիր դարձնելու առաքելությունը: Ձեզնից յուրաքանչյուրը պիտի կրի երկրի ապագայի տիրոջ գաղափարը»:

Տնօրենը մեծ ուրախությամբ նկատեց, որ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի ԵՊՀ-ի ներբուհական փուլում հաղթել են մեր երկու օրինակելի ուսանողները՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող,  ՈՒԽ նախագահ Նաիրի Ճաղարյանը և Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանող, ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Ապա ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Սիմոնյանի կողմից հավաստագիր հանձնեց Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Սասուն Սահակյանին՝ «Ուսանող 2012» մրցույթում հաղթելու կապակցությամբ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի կողմից պատվոգրեր տրվեցին բարձր առաջադիմություն ու հասարակական ակտիվություն ցուցաբերած վեց ուսանողների.

  • Հերմինե Օթարյան (ՀԼԳ IV),
  • Անի Ղազարյան (ՀԼԳ IV),
  • Արթուր Մարդանյան (ԿՄ/Ֆ III),
  • Մելինե Մելիքյան (ԿՄ/Ֆ III),
  • Շուշան Բաղդասարյան (ԿԱ III),
  • Վարդան Եգանյան (ԿԱ III):

Մասնաճյուղի շնորհալի ուսանողները խմբերգով կամ առանձին կատարեցին հայ քնարերգության  դասականների (Իսահակյան, Տերյան, Մեծարենց, Շիրազ, Սահյան, Կապուտիկյան…) լավագույն ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր, «Մեծն սիրահար» Սայաթ-Նովայի երգերից, ինչպես նաև ժողովրդական երգեր:

Բանաստեղծությունը բառերով, երաժշտությունը հնչյուններով, իսկ պարը շարժումներով արտահայտված տրամադրություն է: Համակ թրթիռ ու թռիչք, նազանք ու երազանք էր հեզաճկուն հայուհու պարը («Դու իմ եղեգ»), որ կատարեց Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողուհի Մերի Ամիրզյանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական ոգեշունչ ու խրոխտ երգեր («Երազ իմ երկիր հայրենի», «Գետաշեն», «Մենք քաջ տոհմի զավակներն ենք» և այլք), որոնք մատաղ սերնդի՝ իբրև իր հող ու ջրի տիրոջ ու պաշտպանի երդման արտահայտություններ էին:

Վերջում ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս. Առաքելյանը հատուկ շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Աիդա Սարհատյանին և ուսանողական խորհրդին՝ գեղարվեստական բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար: