Иджеванский филиал Ереванского государственного университета

Գրական-երաժշտական երեկո սահմանային զորամասում

2014թ. նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի սահմանային զորամասում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզի սահմանային զորամասի հրամանատարը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, սպաներ, զինվորներ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Հովսեփյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին: Նա կարևորեց ուսանողների մասնակցությունը երկրի պաշտպանության գործընթացում:

Այնուհետև ներկաներին ողջունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը:

Նա նշեց, որ ի դեմս զինվորների` ունենք ամուր հենարան, խաղաղ երկիր, աննկուն բանակ, որ մեր զինվորների աչալուրջ և աննկուն ծառայության շնորհիվ կանխվում են մեր թշնամիների դավադիր հարձակումները և համարժեք հակահարված տրվում ցանկացած ոտնձգության:

Նա նշեց, որ մասնաճյուղը կարևորում է բուհ-բանակ համագործակցությունը և պատրաստակամ է նախապատրաստական դասընթացներ անցկացնելու այն զինվորների հետ, ովքեր նպատակ ունեն զորացրվելուց հետո սովորելու բուհում:

Ելույթ ունեցավ նաև մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը`զինվորներին մաղթելով խաղաղ երկինք, բարի ծառայություն:

Դահլիճում տոնական և անկաշկանդ մթնոլորտ էր:

ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան երգով, պարով, ասմունքով. երգեցին ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր, ուս ուսի պարեցին սահմանապահ Տավուշի աննկուն պաշտպաների հետ:

Ամփոփելով միջոցառումը` շնորհակալական խոսք ասաց զորամասի սպա, մասնաճյուղի նախկին դասախոս Վահագն Չոբանյանը:

Նա նշեց, որ հպարտանում է թե՛  շնորհաշատ ուսանողների հայրենասիրությամբ ու տաղանդով, թե՛ Հայոց բանակի քաջարի մարտիկներով:

Վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին զորամասի շարային երթին: