Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հուլիսի 2-ի տնօրենության նիստում

2014թ. հուլիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի առկա և հեռակա ուսուցման արդյունքներին, այս ուստարվա ընթացքում ցուցաբերած առաջադիմության մրցույթին վերաբերող հարցեր:

2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի առկա և հեռակա ուսուցման արդյունքների կապակցությամբ նշվեց, որ առկա ուսուցման համակարգից քննաշրջանին մասնակցած 370 ուսանողներից բոլոր առարկաների քննությունները հանձնել են 256-ը, միայն գերազանց գնահատականներ են ստացել 17, գերազանց և լավ գնահատականներ` 88, խառը գնահատականներ` 138, միայն բավարար` 13, անբավարար գնահատականներ են ստացել 114 ուսանող: Առկա ուսուցման համակարգում ընդհանուր առաջադիմությունը կազմում է 69,1% (նախորդ տարի` 76,3%). մասնավորապես Հումանիտար գիտությունների ֆակուլտետում` 72,9% (նախորդ տարի` 81%), Տնտեսագիտության ֆակուլտետում` 74,1%, (նախորդ տարի` 62,3%), Կիրառական արվեստի ֆակուլտետում` 61,7% (նախորդ տարի` 84%), Բնական գիտությունների ֆակուլտետում` 53,2% (նախորդ տարի` 70,9%):

2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում հեռակա ուսուցման համակարգից քննաշրջանին մասնակցած 789 ուսանողներից բոլոր առարկաները հանձնել են 331-ը, միայն գերազանց գնահատականներ են ստացել 2, գերազանց և լավ գնահատականներ` 29, խառը գնահատականներ` 179, բավարար` 121, անբավարար գնահատականներ են ստացել 158 ուսանող: Հեռակա ուսուցման համակարգում ընդհանուր առաջադիմությունը կազմում է 44,2% (նախորդ տարի` 48%):

Որոշվեց ֆակուլտետների խորհուրդներին, Հեռակա ուսուցման բաժնին, ամբիոնների վարիչներին հանձնարարել քննարկելու և ամփոփելու 2013-2014 ուստարվա քննաշրջանի արդյունքները և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու քննաշրջանի արդյունքների ամփոփման ընթացքում արված առաջարկությունները նոր ուսումնական տարում իրագործելու համար:

Այս ուստարվա ընթացքում ցուցաբերած առաջադիմության մրցույթի վերաբերյալ նշվեց, որ մրցույթով անցած 83 ուսանողներից փոփոխության են ենթարկվել 15-ը, փոփոխություններն էլ հիմնականում տեղի են ունեցել առաջին կուրսերում:

Որոշվեց հանձնարարել մասնաճյուղի մանդատային հանձնաժողովներին ըստ գործող կարգի իրականացնել անցկացվող մրցույթը (ռոտացիան):