Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնտեսագիտության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստում

2015թ. հունվարի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Տնտեսագիտության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ն.Խուդավերդյանը:

Ֆակուլտետի խորհրդի նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, խորհրդի անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014թ. գործունեության մասին հաշվետվություն
(զեկուցող` Ն.Խուդավերդյան)

2. 2014 -2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների ամփոփման և ներկայացման մասին
(զեկ.` Ն.Խուդավերդյան)

3. Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի կազմակերպման համար նախապատրաստական աշխատանքների վիճակի մասին
(զեկ.` Ն.Խուդավերդյան)

4. Ընթացիկ հարցեր:

Նախ` դեկանը ներկայացրեց Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014թ. գործունեության մասին հաշվետվություն` հիմք ընդունելով մասնաճյուղի զարգացման` 2011-2015թթ. Ռազմավարական ծրագիրը և Տնտեսագիտության ֆակուլտետի մարտավարական ծրագիրը:

Մասնավորապես նշվեց, որ ֆակուլտետում բակալավրիական կրթություն է իրականացվում երկու` «Տնտեսագիտության տեսություն» և «Սերվիս» մասնագիտություններով: Գործում է երկու ամբիոն` Ընդհանուր տնտեսագիտության ու Տուրիզմի կառավարման և մշակութաբանության:

Ներկայումս ֆակուլտետում սովորում է 142 ուսանող, որոնցից 29-ը` անվճար (լրիվ փոխհատուցվող համակարգում), 113-ը` վճարովի համակարգում:

Բուհական համակարգում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ու նորարությունները կանոնավոր կերպով իրականացվում են նաև Տնտեսագիտության ֆակուլտետում:

Քննաշրջանի ընթացքում ուսանողների` յուրաքանչյուր օրվա գրանցված արդյունքները փակցվում են ֆակուլտետի հայտարարությունների տախտակին, իսկ մասնագիտությունների ամփոփ թերթիկը տեղակայվում է մասնաճյուղի կայքէջում:

Վերահսկման այս համակարգի ներդրումը, ձևավորելով ուսանողների մեջ առողջ մրցակցության հոգեբանություն, ակնառու դրական է անդրադարձել ուսման առաջադիմության և կրթության որակի վրա:

Ֆակուլտետում թափանցիկ են իրականացվում նաև յուրաքանչյուր կիսամյակ կրթաթոշակների նշանակման և յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին իրականացվող փոխատեղման գործընթացները: 2014-15 ուստարվա առաջին կիսամյակին ֆակուլտետի 23 ուսանողներ ստացել են կրթաթոշակ, որոնցից երկուսը` անվանական:

Հատկանշական է, որ նշված գործընթացներում լիարժեք մասնակցություն են ունենում նաև ուսանողները` որպես գլխավոր շահառու:

Ֆակուլտետում ներդրված է ուսանողների հաճախումների համակարգչային ամփոփման ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում ամեն ամիս կանոնավոր ամփոփել ուսանողների հաճախումները և անհրաժեշտության դեպքում, գործող կարգապահական կանոնակարգի համաձայն, ձեռնարկել համապատասխան քայլեր (դիտողություն, բացատրական աշխատանքներ, գրավոր նկատողություններ և այլն):

Ֆակուլտետում խիստ ուշադրության կենտրոնում են պահվում Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի պահանջները, դրանք ժամանակին ներդրվում են ուսումնական գործընթացում և նույնպես միտված են կրթության որակի բարձրացմանը:

Նշված խնդրի լուծմամբ հիմնականում զբաղվում են մասնագիտացված ամբիոնները, որոնք մշակում և իրականացնում են նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կապված անհրաժեշտ (կոմպետենտ) քաղաքականություն, դասախոսների մասնագիտական մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Նշվածի վկայությունը ֆակուլտետում կանոնավոր կերպով կազմակերպվող դասալսումներն ու բաց դասերն են: 2014թ. ամբիոնների կողմից վերանայվել են առարկայական ծրագրերը, դասընթացների բովանդակությունը, ուսումնառության արդյունքների գնահատման չափանիշները:

Ստեղծվել են դասընթացների փաթեթներ` պորտֆոլիոներ, որոնք էլ պլանավորված և կանխատեեսելի են դարձրել ողջ դասընթացը` նպաստելով որակի բարձրացմանը: Նշվեց նաև, որ ֆակուլտետում 2014թ. գրանցվել է գիտական կյանքի աշխուժացում: Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոսների կողմից ներկայացվել է 1 ուսումնական ձեռնարկ, 1 ուսումնամեթոդական ձեռնարկ, 1 զեկուցումների թեզիս, տպագրվել 7 գիտական հոդված: Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոսների կողմից տպագրվել է 9 գիտական հոդված:

2014թ. նոյեմբերին Ազգագրության և հնագիտության ինստիտուտում անց է կացվել ամբիոնի դասախոս Լ.Բեգինյանի `«Հուղարկավորության ծեսերն ու սովորույթները Տավուշում» թեմայով թեկնածուական ատենախոսության նախապաշտպանությունը:
Ֆակուլտետը պարբերաբար համալրվում է տեխնիկական միջոցներով, հագեցած լսարաններով, աշխատասենյակներով:

Օրեցօր ավելանում է ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ դասեր վարող դասախոսների թիվը: Ֆակուլտետի ամբիոնները համագործակցում են մասնաճյուղի ՈՒԽ -ի և ՈՒԳԸ-ի հետ` կոորդինացնելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բոլոր ֆակուլտետների այն քննարկումները, որոնք նվիրված են տնտեսագիտական թեմաներով վերլուծություններին:

Դեկանատը ամբիոնների հետ մեկտեղ մեծ նշանակություն է տալիս ուսանողության շրջանում պարբերաբար իրականացվող հարցումների կարևորությանը: Քանի որ այս մեխանզմը թերությունները և թերացումները վերհանելու, վերացնելու դրականն ու առաջադիմականը խթանելու լուրջ գործիք է:

Ֆակուլտետում գործող ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում են գիտական միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր: Եվ բնական է, որ այս ամենը միտված է ուսանողակենտրոն միջավայրի ձևավորմանը և պայմանավորված է կրթության որակի բարձրացման նպատակներով:

Ամփոփելով 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքները` մասնավորապես նշվեց, որ 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ստուգարքների և քննությունների արդյունքները ըստ ֆակուլտետում գործող մասնագիտությունների դեկանատի կողմից ամփոփվել և վերլուծվել են ամենայն մանրամասնությամբ: Ֆակուլտետում քննաշրջանը կազմակերպվել է թվով 142 (անվճար` 29, վճարովի`113) ուսանողների համար:

Քննաշրջանի ընթացքում ֆակուլտետի 6 ուսանող (4 ուսանող` «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության, 2 ուսանող` «Սերվիս» մասնագիտության) զորակոչվել են Հայոց բանակ և թվով 10 ուսանող (8-ը` «Տնտեսագիտության տեսություն», 2-ը`«Սերվիս» մասնագիտության) վերադարձել են տարկետումից:

Տվյալ կիսամյակում նախատեսված ստուգարքներն ու քննությունները դրական է հանձնել 95 (54-ը` ՏՏ, 41-ը` Ս) ուսանող: Պարտք ունի 47 (39-ը` ՏՏ, 8-ը` Ս) ուսանող: Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմել է 67%: նախորդ (2013-2014) ուստարվա առաջին կիսամյակի ցուցանիշների (59,62%) հետ համեմատած` ֆակուլտետում ընդհանուր առաջադիմությունը գրանցել է 7% աճ:

Դրական արձանագրվեց այն փաստը, որ ֆակուլտետում անվճար համակարգում ուսումնառող ուսանողները գրանցել են 100% առաջադիմություն:

Քննաշրջանի արդյունքում 8 ուսանող (2-ը` ՏՏ, 6-ը` Ս) գրանցել է գերազանց առաջադիմություն:

2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների վերաբերյալ արտահայտվելով` մասնաճյուղի տնօրենը նշեց, որ Տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների ցուցանիշները, համեմատած ԵՊՀ ԻՄ-ի մյուս ֆակուլտետների համանման արդյունքների հետ, համեմատաբար ցածր են, որը գնահատվեց որպես օբյեկտիվության դրսևորում:

Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների հետ կապված` նշվեց, որ լսարանային ֆոնդն ամբողջությամբ համապատասխանում է ուսումնական գործընթացի կազմակերպման պրոցեսին:

Ամբիոններում ընթանում է ծրագրերի նորացման, ընթացիկ և եզրափակիչ քննական հարցաշարերի համալրման և ներկայացման գործընթացը:

Ֆակուլտետում գործող երկու մասնագիտական ամբիոններում իրականացվում են երկրորդ կիսամյակի դասընթացների փաթեթների (պորտֆոլիոների) ստեղծման աշխատանքները: Կազմված է երկրորդ կիսամյակի դասացուցակը, որն ամբողջովին համապատասխանում է աշխատանքային ուսումնական պլաններին, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածություններին:

Կատարված են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, և որևէ խոչընդոտ չկա երկրորդ կիսամյակի գործընթացը սկսելու համար:

Ընդմիջարկելով` Ս.Առաքելյանը նշեց, որ եզրափակիչ քննության հարցաշարը պետք է կազմված լինի այնպես, որ ընթացիկ քննության հարցաշարի հարցերը չներառվեն եզրափակիչ քննության հարցաշարի մեջ, իսկ եզրափակիչ քննությունների հարցերը` ամփոփիչ մասնագիտական հարցաշարի մեջ:

Ընթացիկ հարցերից հատկանշական է Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի գործավար Ա.Զախարյանին պարգևատրելու մասին հարցը, որի վերաբերյալ կայացվեց դրական որոշում: