Иджеванский филиал Ереванского государственного университета

Մարտի 31-ի տնօրենության նիստում

2015թ. մարտի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին հրավիրված էին մասնաճյուղի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահները, ուսումնական խորհրդատուները:

Քննարկվեցին մասնաճյուղում գիտական խորհրդի նիստ հրավիրելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպվելիք միջոցառումների անցկացման, 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների կարգապահության մասին մի շարք հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կհրավիրվի Գիտական խորհրդի նիստ` ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնները հաստատելու, անգլերեն լեզվի կենտրոն ստեղծելու, «Հայոց լեզու և գրականություն» դասընթացի դասավանդման վերաբերյալ օրակարգային հարցերով:

2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների կարգապահության հետ կապված` նշվեց, որ ամփոփված արդյունքների համաձայն` «Լավագույն կուրս» են ճանաչվել «Սերվիս» մասնագիտության երկրորդ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսերը:

Կարգապահությամբ աչքի են ընկնում նաև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երրորդ, «Պատմություն» մասնագիտության երկրորդ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ, «Սերվիս» մասնագիտության երրորդ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ, «Դիզայն» մասնագիտության առաջին կուրսերը:

Որոշվեց`

• 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների հաճախումները գնահատել բավարար:

• Հանձնարարել ՄԿՈԱ բաժնին ուսանողների կարգապահության խնդիրների ուղղությամբ կատարել վերլուծական աշխատանք:

• Հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևել ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններով սահմանված ուսումնական պրոցեսի իրականացման ժամանակացույցների պահպանմանը: