Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վոլեյբոլի բաց առաջնություն

2015թ. ապրիլի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Առաջնության հանդիսավոր բացմանը ներկա էին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը. «Հարգարժա՛ն տնօրեն, հարգելի՛ հյուրեր, սիրելի՛ մասնակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հյուրընկալել է վոլեյբոլի բաց առաջնության թիմերին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը»:

Ապա տիկին Պողոսյանը խոսքը փոխանցեց պարոն Առաքելյանին, ով ողջունեց բոլոր մասնակիցներին ու հյուրերին, Հայոց եղեռնի վերաբերյալ կատարեց պատմական համառոտ ակնարկ` ընդգծելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ընտրված 4 գաղափարները` «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար» և «Վերածնունդ»:

Դիմելով մատաղ սերնդի ներկայացուցիչներին` տնօրենը մաղթեց, որ, հանձինս նրանց, ունենանք այն սերունդը, որը կբնակվի մեր պատմական հայրենիքում` որպես նրա լիիրավ տեր»:

Ապա Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը առաջնությունը հայտարարեց բացված:

Առաջնությանը մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հավաքականը, Հումանիտար գիտությունների, Կիրառական արվեստի ֆակուլտետների հավաքական թիմերը, մասնաճյուղի դասախոսների թիմը, Իջևանի մարզադպրոցի, Դիլիջանի ավագ դպրոցի, Գանձաքարի, Աչաջրի, Սարիգյուղի, Այգեհովիտի դպրոցների թիմերը:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:
Բոլոր թիմերն էլ լավ պատրաստված էին և ցուցադրեցին գեղեցիկ խաղ:

Լավագույն խաղացող ճանաչվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմից Թեհմինե Ղազարյանը, ով տնօրենության կողմից ստացավ պատվոգիր:

Լավագույն հարձակվող ճանաչվեց և տնօրենության կողմից պատվոգիր ստացավ Ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը:

Եզրափակիչ դուրս եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Դիլիջանի ավագ դպրոցի թիմերը:

2:0 հաշվով հաղթեց ԵՊՀ ԻՄ-ի թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց մեդալներով, գավաթով և պատվոգրով:

Երկրորդ և երրորդ տեղերը գրաված Դիլիջանի ավագ դպրոցի և Այգեհովիտի դպրոցի թիմերը ստացան պատվոգրեր: