Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

 

2016թ. մարտի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանի անդրանիկ՝ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը:

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

 

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հեղինակի հարազատ դպրոցի սաներ, Իջևանի զորամասի զինվորներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հյուրեր, պոեզիայի սիրահարներ:

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

Գրքույկը նվիրված է իր քեռու՝ Մարատ Բաղինյանի հիշատակին և ընդգրկում է թարմ, հետաքրքիր մտքեր ու բանաստեղծություններ՝ ստեղծագործական ներշնչանքի պահի (Էջը բացվեց ու գրվեց. /Սկիզբը հաճելի էր այնքանով,/ Որ անկեղծ էր,/ Անկեղծ՝ մանկական սիրո կերտվածքով,/ Իսկ հետոն լեցուն էր հասունությամբ/ Եվ համեմված գեղեցիկով), սիրո (Սերը կարիք է,/ Իսկ սիրո կարիքը ջերմությունն է:/…Սերն ուզում է,/Որ իսկապես սիրես/ Իսկական մարդկանց…), հայրենասիրության (Սիրտս ձուլել եմ սրտիդ, հայրենիք,/ Տե՛ս ոնց են զարկում զույգ սրտերը մեր…) անձնավորված բնության (Քամին ուռենու մազերն է սանրում,/ Գիշերն է հուշեր շշնջում նրան, /Նոր երգ է ծնվում գիշերվա գրկում, /Լուռ համառության հանդերձը վրան) Մարդու մասին, ինչպես՝

Մարդն էլ կարծես ծառի պես է,
Բերք տվողին երանի,
Ու ծառի պես ծաղիկներով
Ծիծաղողին երանի:
Սուրբ է մարդը
Եվ անրջանք,
Անհագության
Ծով է նա:
Սուրբ տենչերով
Դեպի բարձունք
Մագլցողին երանի:

Գրքի շնորհանդեսի ժամանակ  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները ներկայացրին Մերի Գասպարյանի բանաստեղծություններից («Էջը բացվեց, «Գիշեր», «Քուն», «Հավքերի պես…», «Թունոտ թշնամի», «Քունս չի տանում»):

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

Կիթառի ուղեկցությամբ կատարվեցին նաև այդ բանաստեղծությունների հիման վրա գրված հոգեբուխ երգեր («Տավուշի քաջեր», «Ծեր խաչքար»), որոնք իրենց ասելիքով, մեղեդայնությամբ ու անկեղծ կատարումով հուզեցին ունկդիրների սրտերը:

 Շնորհանդեսի ընթացքում հեղինակին ուղղվեցին հարցեր, թե ինչ է կյանքը, նրա խորհուրդը, պատերազմը, որն է կյանքի պատկերման նրա սկզբունքը և այլն:

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

 Հեղինակը պարզաբանեց իր կերտած լուսնային պատկերների խորհուրդը, գրքի «Մոխրագույն լուսին» վերնագիրը, որի համաձայն՝ լուսինն իր կարոտն է և ինքը դա տեսնում է մոխրագույն:

Մեր ուսանողուհու գրական նորամուտը ողջունեցին, գնահատանքի և արժևորման խոսք ասացին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, ՄԿՈԱ բաժնի մասնագետ, սոցիոլոգ Է.Կյուրեղյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ա.Մարդանյանը, Ն.Դավթյանը, գրքի հեղինակի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին՝ նրան մաղթելով ստեղծագործական կանաչ ճանապարհ, մտքի սրություն, բեղուն գրիչ: