Иджеванский филиал Ереванского государственного университета

200.000-ական դրամ՝ մագիստրոսական թեզը ավարտին հասցնելու համար

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 10 և Տնտեսագիտության ֆակուլտետի 80-ամյակների կապակցությամբ սահմանված դրամաշնորհների մրցույթը հայտարարվել էր դեռևս 2014 թ-ի դեկտեմբերին: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մասնակցության հայտ են ներկայացրել 7 ուսանող (2-ը` Տնտեսագիտության, 5-ը՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետներից): Սակայն նախատեսված էր մեկական դրամաշնորհ յուրաքանչյուր ֆակուլտետի համար:
«Հետազոտական կրթաթոշակները տրամադրվում են այդ ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողներին՝ անհատական ավարտական հետազոտական թեզերի իրականացմանն աջակցելու նպատակով»,- ասում է «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հեղինե Մանասյանը:
Աշխատանքների գնահատումը կատարվել է անանուն, փորձագետները հատկապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե որքանով է տվյալ հետազոտությունը արդիական և ունի՞ արդյոք կիրառական նշանակություն:

Տնտեսագիտության ֆակուլտետից հաղթող ճանաչվեց մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտ Նաիրի Ճաղարյանի աշխատանքը, ով հետազոտում է ներդրումային միջավայրի ձևավորման հիմնախնդիրները Հայաստանում:

«Այսօրվա գլոբալիզացվող աշխարհում ներդրումների և ցանկացած տնտեսության տնտեսական աճի միջև ուղիղ կապ կա: Ուսումնասիրելու ենք 6 ինդեքսներ, ցուցանիշների մանրամասն վերլուծություն ենք անելու՝ համեմատելով Հայաստանը տարածաշրջանի այլ երկրների հետ: Նաև կփորձենք ուղիներ մատնանշել մեր երկրում ներդրումային միջավայր ձևավորելու համար»,- նշեց Նաիրին:

Կրթաթոշակակիրները հնարավորություն կունենան մասնակցելու «ՀՌԿԿ-Հայաստան»-ի «Կրտսեր հետազոտողների ծրագրով» նախատեսված դասընթացներին, օգտվելու առկա բոլոր ռեսուրսներից, ստանալու հիմնադրամի աշխատակիցների խորհրդատվությունը:

Կրթաթոշակակիրներին սահմանված 200.000-ական ՀՀ դրամը, ըստ կնքված պայմանագրի, կհատկացվի երկու մասով:

Աղբյուրը` ysu.am

Անվճար կրթություն Ռուսաստանի Դաշնությունում

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարել է մրցույթ` 2015-2016 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի):

Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել http://arm.rs.gov.ru/node/14168 կայքէջը:

Աղբյուրը` www.edu.am

«1915 թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ, ԹՈՒՐՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ» թեմայով գիտաժողով

2015 թ. ապրիլի 23-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է «1915 թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ, ԹՈՒՐՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովին հրավիրվում են ՀՀ և արտասահմանյան երկրների պետական գերատեսչությունների, գիտակրթական և գիտահետազոտական հաստատությունների, քաղաքացիական և հասարակական կառույցների այն մասնագետները, ովքեր հետաքրքրված են գիտաժողովի թեմայով:

Գիտաժողովը տեղի կունենա 2015 թ. ապրիլի 23-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Գիտաժողովի նպատակն է` պարզել, քննարկել, վերլուծել, գնահատել, իմաստավորել 1915 թ. Թուրքիայում իրականացված ցեղասպանության զոհ դարձած ազգերի՝ հայերի, հույների, ասորիների, իսկ մյուս կողմից թուրքերի, քրդերի հետնորդների այս ոճրագործության ընկալման տեսանկյունները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Նախատեսվում է գիտաժողովի նյութերը տպագրել առանձին ժողովածուով:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1915 թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԱՐԵՎԵԼԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

1915 թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

1915 թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ

1915 թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

1915 թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁևԸ

1. Խոսքային զեկուցումներ
2. Կլոր սեղաններ

ԶԵԿՈՒՅՑ-ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` միակողմանի տպված և էլեկտրոնային տարբերակով, էջի եզրերը` 2սմ բոլոր կողմերից, տառատեսակը` հայերենի համար` “Unicode”, անգլերենի և ռուսերենի համար` “Times New Roman”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով:

Տեքստում չպետք է լինեն տողադարձեր և կրկնակի միջակայքեր:

Հոդվածի ծավալը` մինչև 12 էջ` ներառյալ նկարները, աղյուսակները, գրականության ցանկը և 2 լեզվով ամփոփումները (հայերեն հոդվածների համար` ռուսերեն և անգլերեն, և հակառակը):

Սկզբում տրվում է հոդվածի վերնագիրը` գլխատառերով, այնուհետև` հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ներկայացվող կազմակերպությունը, գիտական կոչումը և պաշտոնը: Դրանից հետո բաց է թողնվում մեկ տող և տրվում է հիմնական տեքստը: Ընդգծումների համար կիրառել շեղատառեր կամ մգեցված տողեր:

Տեքստում հղումը կատարել քառակուսի փակագծում` ըստ գրականության ցանկի աղբյուրի (օրինակ` [1, էջ 26]):

Ներկայացվող բոլոր հոդվածները քննարկվելու են գիտակազմակերպչական խորհրդի կողմից: Ուսանող կամ ասպիրանտ հեղինակների դեպքում հոդվածին պետք է կցվի գիտական ղեկավարի երաշխավորագիրը:

Եթե հոդվածը չբավարարի անհրաժեշտ պայմաններին, խորհուրդն իրավասու է այն չերաշխավորել գիտաժողովում ներկայացնելու համար:

Գրագողություն պարունակող հոդվածները կմերժվեն և այդ մասին ինֆորմացիան կուղարկվի հոդվածագրի աշխատանքի վայրը:

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս. թ. ԱՊՐԻԼԻ 10-ը  ուղարկել Զեկույց-հոդվածների տեքստը, ըստ վերոնշյալ պահանջների:

Մասնակցության անդամավճարը 5000 դրամ է(10 $ կամ 10 €) է:

Հոդվածներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին` armkhudoyan@gmail.com:

Հարցերի դեպքում զանգահարել 597041 հեռախոսահամարով:

Տնտեսագիտության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստում

2015թ. հունվարի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Տնտեսագիտության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ն.Խուդավերդյանը:

Ֆակուլտետի խորհրդի նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, խորհրդի անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014թ. գործունեության մասին հաշվետվություն
(զեկուցող` Ն.Խուդավերդյան)

2. 2014 -2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների ամփոփման և ներկայացման մասին
(զեկ.` Ն.Խուդավերդյան)

3. Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի կազմակերպման համար նախապատրաստական աշխատանքների վիճակի մասին
(զեկ.` Ն.Խուդավերդյան)

4. Ընթացիկ հարցեր:

Նախ` դեկանը ներկայացրեց Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014թ. գործունեության մասին հաշվետվություն` հիմք ընդունելով մասնաճյուղի զարգացման` 2011-2015թթ. Ռազմավարական ծրագիրը և Տնտեսագիտության ֆակուլտետի մարտավարական ծրագիրը:

Մասնավորապես նշվեց, որ ֆակուլտետում բակալավրիական կրթություն է իրականացվում երկու` «Տնտեսագիտության տեսություն» և «Սերվիս» մասնագիտություններով: Գործում է երկու ամբիոն` Ընդհանուր տնտեսագիտության ու Տուրիզմի կառավարման և մշակութաբանության:

Ներկայումս ֆակուլտետում սովորում է 142 ուսանող, որոնցից 29-ը` անվճար (լրիվ փոխհատուցվող համակարգում), 113-ը` վճարովի համակարգում:

Բուհական համակարգում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ու նորարությունները կանոնավոր կերպով իրականացվում են նաև Տնտեսագիտության ֆակուլտետում:

Քննաշրջանի ընթացքում ուսանողների` յուրաքանչյուր օրվա գրանցված արդյունքները փակցվում են ֆակուլտետի հայտարարությունների տախտակին, իսկ մասնագիտությունների ամփոփ թերթիկը տեղակայվում է մասնաճյուղի կայքէջում:

Վերահսկման այս համակարգի ներդրումը, ձևավորելով ուսանողների մեջ առողջ մրցակցության հոգեբանություն, ակնառու դրական է անդրադարձել ուսման առաջադիմության և կրթության որակի վրա:

Ֆակուլտետում թափանցիկ են իրականացվում նաև յուրաքանչյուր կիսամյակ կրթաթոշակների նշանակման և յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին իրականացվող փոխատեղման գործընթացները: 2014-15 ուստարվա առաջին կիսամյակին ֆակուլտետի 23 ուսանողներ ստացել են կրթաթոշակ, որոնցից երկուսը` անվանական:

Հատկանշական է, որ նշված գործընթացներում լիարժեք մասնակցություն են ունենում նաև ուսանողները` որպես գլխավոր շահառու:

Ֆակուլտետում ներդրված է ուսանողների հաճախումների համակարգչային ամփոփման ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում ամեն ամիս կանոնավոր ամփոփել ուսանողների հաճախումները և անհրաժեշտության դեպքում, գործող կարգապահական կանոնակարգի համաձայն, ձեռնարկել համապատասխան քայլեր (դիտողություն, բացատրական աշխատանքներ, գրավոր նկատողություններ և այլն):

Ֆակուլտետում խիստ ուշադրության կենտրոնում են պահվում Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի պահանջները, դրանք ժամանակին ներդրվում են ուսումնական գործընթացում և նույնպես միտված են կրթության որակի բարձրացմանը:

Նշված խնդրի լուծմամբ հիմնականում զբաղվում են մասնագիտացված ամբիոնները, որոնք մշակում և իրականացնում են նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կապված անհրաժեշտ (կոմպետենտ) քաղաքականություն, դասախոսների մասնագիտական մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Նշվածի վկայությունը ֆակուլտետում կանոնավոր կերպով կազմակերպվող դասալսումներն ու բաց դասերն են: 2014թ. ամբիոնների կողմից վերանայվել են առարկայական ծրագրերը, դասընթացների բովանդակությունը, ուսումնառության արդյունքների գնահատման չափանիշները:

Ստեղծվել են դասընթացների փաթեթներ` պորտֆոլիոներ, որոնք էլ պլանավորված և կանխատեեսելի են դարձրել ողջ դասընթացը` նպաստելով որակի բարձրացմանը: Նշվեց նաև, որ ֆակուլտետում 2014թ. գրանցվել է գիտական կյանքի աշխուժացում: Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոսների կողմից ներկայացվել է 1 ուսումնական ձեռնարկ, 1 ուսումնամեթոդական ձեռնարկ, 1 զեկուցումների թեզիս, տպագրվել 7 գիտական հոդված: Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոսների կողմից տպագրվել է 9 գիտական հոդված:

2014թ. նոյեմբերին Ազգագրության և հնագիտության ինստիտուտում անց է կացվել ամբիոնի դասախոս Լ.Բեգինյանի `«Հուղարկավորության ծեսերն ու սովորույթները Տավուշում» թեմայով թեկնածուական ատենախոսության նախապաշտպանությունը:
Ֆակուլտետը պարբերաբար համալրվում է տեխնիկական միջոցներով, հագեցած լսարաններով, աշխատասենյակներով:

Օրեցօր ավելանում է ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ դասեր վարող դասախոսների թիվը: Ֆակուլտետի ամբիոնները համագործակցում են մասնաճյուղի ՈՒԽ -ի և ՈՒԳԸ-ի հետ` կոորդինացնելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բոլոր ֆակուլտետների այն քննարկումները, որոնք նվիրված են տնտեսագիտական թեմաներով վերլուծություններին:

Դեկանատը ամբիոնների հետ մեկտեղ մեծ նշանակություն է տալիս ուսանողության շրջանում պարբերաբար իրականացվող հարցումների կարևորությանը: Քանի որ այս մեխանզմը թերությունները և թերացումները վերհանելու, վերացնելու դրականն ու առաջադիմականը խթանելու լուրջ գործիք է:

Ֆակուլտետում գործող ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում են գիտական միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր: Եվ բնական է, որ այս ամենը միտված է ուսանողակենտրոն միջավայրի ձևավորմանը և պայմանավորված է կրթության որակի բարձրացման նպատակներով:

Ամփոփելով 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքները` մասնավորապես նշվեց, որ 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ստուգարքների և քննությունների արդյունքները ըստ ֆակուլտետում գործող մասնագիտությունների դեկանատի կողմից ամփոփվել և վերլուծվել են ամենայն մանրամասնությամբ: Ֆակուլտետում քննաշրջանը կազմակերպվել է թվով 142 (անվճար` 29, վճարովի`113) ուսանողների համար:

Քննաշրջանի ընթացքում ֆակուլտետի 6 ուսանող (4 ուսանող` «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության, 2 ուսանող` «Սերվիս» մասնագիտության) զորակոչվել են Հայոց բանակ և թվով 10 ուսանող (8-ը` «Տնտեսագիտության տեսություն», 2-ը`«Սերվիս» մասնագիտության) վերադարձել են տարկետումից:

Տվյալ կիսամյակում նախատեսված ստուգարքներն ու քննությունները դրական է հանձնել 95 (54-ը` ՏՏ, 41-ը` Ս) ուսանող: Պարտք ունի 47 (39-ը` ՏՏ, 8-ը` Ս) ուսանող: Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմել է 67%: նախորդ (2013-2014) ուստարվա առաջին կիսամյակի ցուցանիշների (59,62%) հետ համեմատած` ֆակուլտետում ընդհանուր առաջադիմությունը գրանցել է 7% աճ:

Դրական արձանագրվեց այն փաստը, որ ֆակուլտետում անվճար համակարգում ուսումնառող ուսանողները գրանցել են 100% առաջադիմություն:

Քննաշրջանի արդյունքում 8 ուսանող (2-ը` ՏՏ, 6-ը` Ս) գրանցել է գերազանց առաջադիմություն:

2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների վերաբերյալ արտահայտվելով` մասնաճյուղի տնօրենը նշեց, որ Տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների ցուցանիշները, համեմատած ԵՊՀ ԻՄ-ի մյուս ֆակուլտետների համանման արդյունքների հետ, համեմատաբար ցածր են, որը գնահատվեց որպես օբյեկտիվության դրսևորում:

Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների հետ կապված` նշվեց, որ լսարանային ֆոնդն ամբողջությամբ համապատասխանում է ուսումնական գործընթացի կազմակերպման պրոցեսին:

Ամբիոններում ընթանում է ծրագրերի նորացման, ընթացիկ և եզրափակիչ քննական հարցաշարերի համալրման և ներկայացման գործընթացը:

Ֆակուլտետում գործող երկու մասնագիտական ամբիոններում իրականացվում են երկրորդ կիսամյակի դասընթացների փաթեթների (պորտֆոլիոների) ստեղծման աշխատանքները: Կազմված է երկրորդ կիսամյակի դասացուցակը, որն ամբողջովին համապատասխանում է աշխատանքային ուսումնական պլաններին, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածություններին:

Կատարված են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, և որևէ խոչընդոտ չկա երկրորդ կիսամյակի գործընթացը սկսելու համար:

Ընդմիջարկելով` Ս.Առաքելյանը նշեց, որ եզրափակիչ քննության հարցաշարը պետք է կազմված լինի այնպես, որ ընթացիկ քննության հարցաշարի հարցերը չներառվեն եզրափակիչ քննության հարցաշարի մեջ, իսկ եզրափակիչ քննությունների հարցերը` ամփոփիչ մասնագիտական հարցաշարի մեջ:

Ընթացիկ հարցերից հատկանշական է Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի գործավար Ա.Զախարյանին պարգևատրելու մասին հարցը, որի վերաբերյալ կայացվեց դրական որոշում: