Иджеванский филиал Ереванского государственного университета

Օլիմպիադա Բնական գիտությունների ֆակուլտետում

2015թ. ապրիլի 15-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ օլիմպիադա, որը կազմակերպվել էր ֆակուլտետի ուսանողների և Մասնագիտական համակարգչային լաբորատորիայի համատեղ ուժերով:

Օլիմպիադային մասնակցում էր 5 թիմ.

• Ի/ԿՄ 1-ին կուրսի 1-ին խումբ,

• Ի/ԿՄ 1-ին կուրսի 2-րդ խումբ,

• Ի/ԿՄ 2-րդ կուրսի 1-ին խումբ,

• Ի/ԿՄ 2-րդ կուրսի 2-րդ խումբ,

• ԿՄ/Ֆ 3-րդ կուրսի խումբ:

Օլիմպիադան անցկացվեց 3 փուլով:

Յուրաքանչյուր փուլում ճիշտ պատասխանների համար նախատեսված էին միավորներ` 1, 2, 3:

I, II, III տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ի/ԿՄ 1-ին կուրսի 1-ին խումբը, Ի/ԿՄ 1-ին կուրս 2-րդ խումբը և ԿՄ/Ֆ 3-րդ կուրսի խումբը:

Կայացավ «Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

2015թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ներկա էին մասնաճյուղի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը:

Սա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջոցառումների շարքից առաջինն էր:

Վերջին տարիներին Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական ֆիլմեր («Արտույտների ագարակը», «Մայրիկ», «Վանա ծովուն արշալույսը» և այլն) շատ են ցուցադրվել, և այս անգամ մասնաճյուղի ուսանողական կառույցները նախընտրել էին ցուցադրել ոչ թե գեղարվեստական, այլ վավերագրական ֆիլմ:

«Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը պատմում էր գերմանական բանակի բուժաշխատող Արմին Թեոֆիլ Վեգների մասին, ով ականատես է եղել Հայոց ցեղասպանությանը և գաղտնի լուսանկարել իրադարձությունները:

Վեգների լուսանկարները դարձել են Հայոց ցեղասպանության անհերքելի փաստեր:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ուսանողների միջև տեղի ունեցավ քննարկում` Հայոց եղեռնի թեմայով:

Ուսանողական գիտական զեկուցումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

2015թ. ապրիլի 21-ին` ժամը 12:30-ին, ԵՊՀ Իմ-ի գրադարանում կներկայացվի ուսանողական գիտական զեկուցումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները իրենց զեկուցումներում կանդրադառնան Հայոց ցեղասպանության պատմաիրավական նշանակությանը և հոգեբանական ու տնտեսական հետևանքներին:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերություն

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2015թ. ապրիլի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի համանուն ծրագրի հավաքագրման և ընտրության գծով տնօրեն Թենի Ավագյանի, տեղավորման և կառավարության հետ կապերի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին մասնաճյուղի 15 շրջանավարտներ:

Ծրագրի ներկայացուցիչները շրջանավարտներին ներկայացրին «Կրթություն Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, այնուհետև պատասխանեցին ներկաների հարցերին:

«Կրթություն Հայաստան» ծրագրի շրջանակներում բուհերի 20 շրջանավարտներ հնարավորություն կունենան ս.թ. սեպտեմբերից 2 տարի ժամկետով աշխատել Տավուշի, Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցներում:

Ծրագրին կարող է դիմել 2015թ. հուլիսի դրությամբ բակալավրի կրթական աստիճան ունեցող ցանկացած ոք, այդ թվում` ուսուցչի որակավորում չունեցող և հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաներին մոտ մասնագիտություն ունեցող անձը:

Դպրոցի ընտրությունը կհամաձայնեցվի մասնակիցների հետ:

Բարձր աշխատավարձից բացի` մասնագետներին կտրամադրվի կրթաթոշակ՝ առօրյա ծախսերը հոգալու համար:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 23-ը ներառյալ լրացնել առցանց հայտադիմում http://teachforarmenia.org/ կայքում:

Մայիսի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ երկրորդ փուլ անցած դիմորդների հետ, որոնցից հետո կընտրվեն ծրագրի 20 մասնակիցները:

Նրանց համար հուլիս-օգոստոս ամիսներին կկազմակերպվեն 6 շաբաթ տևողությամբ դասընթացներ UWC Դիլիջան միջազգային քոլեջում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

2015թ. ապրիլի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում ֆրանսերեն լեզվով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ա.Մարդանյանի և Մ.Աղբալյանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները, Անժելա Վանեսյանի անվան ֆրանսիական լեզվի և մշակույթի կենտրոնի սաները:

Միջոցառումը սկսվեց Ֆրանկոֆոնիայի համաշխարհային հիմնի կատարմամբ:

Ուսանողները հանդես եկան երգերով ու բանաստեղծություններով, թվարկեցին այն բոլոր երկրները, որոնցում ֆրանսերենը համարվում է պետական, մայրենի կամ օտար լեզու, ներկայացրին Ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպության ծագումը և գործունեությունը, ֆրանսերեն լեզվի ծագման և Ֆրանսիայի Հանրապետության կարգախոսի պատմությունը:

Մասնակիցները նաև տեսանյութի ուղեկցությամբ պատրաստեցին ֆրանսիական մի հետաքրքիր ուտեստ և հյուրասիրեցին ներկաներին:

Իրենց ելույթներում ուսանողները երախտագիտության խոսք ուղղեցին Ֆրանսիայի Հանրապետությանը, որի խորհրդարանը առաջինը ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին:

Այդ կապակցությամբ դրվատական խոսք ասաց ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը` շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին: