Иджеванский филиал Ереванского государственного университета

«Ծրագրային ապահովման նախագծում. նախագծման ձևանմուշներ և հակաձևանմուշներ» թեմայով գիտական զեկուցում կկարդա ֆ.մ.գ.թ. Սուրեն Բալիկյանը

2015թ. ապրիլի 9-ին` ժամը 12:35-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Ծրագրային ապահովման նախագծում. նախագծման ձևանմուշներ և հակաձևանմուշներ» թեմայով գիտական զեկուցում կկարդա ֆ.մ.գ.թ. Սուրեն Բալիկյանը, որին հրավիրել է մասնաճյուղի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը:

Մարտի 31-ի տնօրենության նիստում

2015թ. մարտի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին հրավիրված էին մասնաճյուղի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահները, ուսումնական խորհրդատուները:

Քննարկվեցին մասնաճյուղում գիտական խորհրդի նիստ հրավիրելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպվելիք միջոցառումների անցկացման, 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների կարգապահության մասին մի շարք հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կհրավիրվի Գիտական խորհրդի նիստ` ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնները հաստատելու, անգլերեն լեզվի կենտրոն ստեղծելու, «Հայոց լեզու և գրականություն» դասընթացի դասավանդման վերաբերյալ օրակարգային հարցերով:

2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների կարգապահության հետ կապված` նշվեց, որ ամփոփված արդյունքների համաձայն` «Լավագույն կուրս» են ճանաչվել «Սերվիս» մասնագիտության երկրորդ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսերը:

Կարգապահությամբ աչքի են ընկնում նաև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երրորդ, «Պատմություն» մասնագիտության երկրորդ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ, «Սերվիս» մասնագիտության երրորդ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ, «Դիզայն» մասնագիտության առաջին կուրսերը:

Որոշվեց`

• 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների հաճախումները գնահատել բավարար:

• Հանձնարարել ՄԿՈԱ բաժնին ուսանողների կարգապահության խնդիրների ուղղությամբ կատարել վերլուծական աշխատանք:

• Հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևել ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններով սահմանված ուսումնական պրոցեսի իրականացման ժամանակացույցների պահպանմանը:

Հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ

2015թ. մարտի 30-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ:

Մասնաճյուղում ծրագիրը գործում է 2009 թվականից սկսած:

Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացվել է թվով 20 նախաձեռնություն, որոնք ներառել են տարբեր ոլորտներ` բնապահպանական, գյուղական, հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման, սպորտի և այլն:

Այս նախաձեռնության («Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա») նպատակն էր նպաստել հասարակության շրջանում Արցախյան ազատամարտի մասնակիցների սխրագործությունների և քաջագործությունների ճանաչողական մակարդակի բարձրացմանը և ազատամարտիկների փորձի փոխանցմանը երիտասարդներին:

Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես եկան ոգեկոչող ու հայրենասիրական ելույթներով` երգերով ու բանաստեղծություններով, ազատամարտիկներին ուղղեցին հարցեր, նրանց խնդրեցին պատմել իրենց անցած հերոսական ուղուց և ստացան թանկագին խորհուրդ-խրատներ` հայրենիքն անմնացորդ սիրելու և պաշտպանելու մասին:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը` խորապես շնորհակալություն հայտնելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին` իրենց կատարած սխրանքների, հայրենանվեր մեծ գործի համար, նշելով, որ սուրբ պարտականություն է ազատամարտիկներին հիշելը, որն ավելի շատ հենց երիտասարդներին է պետք, որ հայրենասիրության դասեր առնեն, օրինակ վերցնեն նրանցից, որ իրենց հայրենի հող ու ջրի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունենան:

Վերջում ազատամարտիկներին հանձնվեցին «Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա» ծրագրի շրջանակներում նրանց մասին տպագրված գրքույկներ, վկայականներ ու փոքրիկ նվերներ: