Иджеванский филиал Ереванского государственного университета

Գիտելիքի և դպրության օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

2015թ. սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրը, «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց նոր` 2015-2016 ուսումնական տարին:

Վերստին բացվեցին հարազատ կրթօջախի դռները, ու նա դարձյալ իր գիրկն առավ իր դասախոսներին և ուսանողներին, ովքեր նոր ուստարին դիմավորում են նոր հույզերով, հույսերով ու ակնկալիքներով:

Գիտելիքի և դպրության օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Նոր ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունեց 164 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

Գիտելիքի և դպրության օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, Իջևանի զորամասի հրամանատարական կազմը և նվագախումբը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Գիտելիքի և դպրության օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Միջոցառումը բացվեց տերունական աղոթքով, ՀՀ պետական օրհներգով, այնուհետև համալսարանականներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը:

Գիտելիքի և դպրության օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Տնօրենը բարի գալուստ մաղթեց առաջին կուրսեցիներին, նրանց պատգամեց ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար, դրսևորել նպատակասլացություն, տոկունություն և հաստատակամություն, դառնալ հասարակությանը պիտանի մարդ և հայրենիքի արժանի զավակ:

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը, ում մասնաճյուղի կողմից հանձնվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներից մեկի աշխատանքը` իբրև երախտագիտության նշան:

Գիտելիքի և դպրության օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Այնուհետև առաջին կուրսեցիներին բարի գալուստ մաղթեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, կոչ արեց նրանց պատասխանատվությամբ վերաբերվել ուսանողի կոչմանը, ակտիվորեն մասնակցել ուսանողական ծրագրերին:

Գիտելիքի և դպրության օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Գիտելիքի բանալին հանձնվեց առաջին կուրսեցի, մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ Աստղիկ Սարիբեկյանին, որից հետո տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Նրանք երդվեցին հպարտությամբ կրել ուսանող լինելու պատիվը, լինել մասնաճյուղի արժանավոր սաներ:

Տոնական միջոցառումն ընթացավ գեղեցիկ երգ ու պարով, ասմունքով և եզրափակվեց Իջևանի զորամասի նվագախմբի տղաների խրոխտ կատարումով:

 

ԵՊՀ ռեկտորի ողջույնի խոսքը

ԵՊՀ ռեկտորի ողջույնի խոսքը

 

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ,

Դուք ձեր առաջադիմությամբ, կրթական բարձր պատրաստվածության շնորհիվ Երևանի պետական համալսարանում սովորելու իրավունք եք վաստակել, ինչը ձեզ համար թե՛ մեծ պատիվ է, թե՛ մեծ պատասխանատվություն: Չէ՞ որ դուք դարձել եք ուսանողն այն բուհի, որը վերջին ինը տասնամյակների ընթացքում եղել և այժմ էլ մնում է մեր հանրապետության բարձրագույն կրթության դրոշակակիրը, բարձրակարգ մասնագետների պատրաստման դարբնոցը: Համալսարանական լինելը ձեզ միաժամանակ պարտավորեցնում է անաղարտ պահել Մայր բուհի` իր կենսագրությամբ վաստակած բարձր վարկանիշն ու անունը, հանդես բերել մարդկային վեհ հատկանիշներ, ուսման մեջ լինել բարեխիղճ ու նպատակասլաց:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ձեր ուսումնառության տարիներին կշարունակվեն վերջին շրջանում համալսարանում իրականացվող ուսումնագիտական բարեփոխումները: Բարեփոխումներ, որոնք բխում են նոր ժամանակների ոգուց և պահանջներից: Ներկայումս աշխարհի, մասնավորապես Եվրոպայի բարձրագույն կրթության ոլորտում ընթացող ինտեգրման գործընթացներում աստիճանաբար և նպատակասլաց կերպով ընդգրկվում է նաև Երևանի պետական համալսարանը: Այդ ճանապարհին պահանջվում է ապահովել ոչ միայն կրթության բարձր որակ, միջազգային չափորոշիչներին համահունչ ծրագրեր, այլև բարձրագույն կրթության զարգացման գործում Մայր բուհի դերի վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն:

Շարունակելով ազգային, մշակութային հարուստ ավանդույթների ժառանգորդի և դրանք սերունդներին փոխանցողի պատասխանատու և պատվավոր առաքելությունը` ԵՊՀ-ն ստանձնել և արժանապատվորեն իրականացնում է համաշխարհային արժեքները համադրելու և երրորդ հազարամյակի մարտահրավերներին դիմակայելու համար նոր գործելաոճով հանդես գալու պարտավորություն: Իր գործունեության հիմնական նպատակը համարելով կրթության բովանդակության և ուսման բարձր որակի ապահովումն ու դրանց համապատասխանեցումը համալսարանական կրթական միջազգային չափանիշներին` Մայր բուհը ձեռնարկում և իրականացնում է գիտակրթական բազմաթիվ ծրագրեր, որոնք համահունչ են ժամանակի թելադրանքին:

Լինելով անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության առաջատար բուհը` Երևանի պետական համալսարանը ներկայումս աշխարհի մի շարք առաջնակարգ համալսարանների արժանի գործընկերն է:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԵՊՀ ընդունվելու կապակցությամբ ու ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիները լինեն ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ձեռք բերելու, այլև մարդկային արժանապատիվ կեցվածքի և երկրի լիարժեք քաղաքացու ձևավորման տարիներ:

Բարի՛ գալուստ և բարի՛ երթ ձեզ:

Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր