Иджеванский филиал Ереванского государственного университета

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին

2015թ. հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարելիցի կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպում ունեցավ Իջևանի վարժարանի և թիվ 3 հանրակրթական դպրոցի մանակավարժական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչների, զինղեկների, աշակերտների, Երկրապահ կամավորական միության շարքերում ընդգրկված պատանիների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Իջևանի զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Հովսեփյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Ղ.Ուլիխանյանը, Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռ.Դավթյանը, Իջևանի զինկոմ, գնդապետ Արթուր Հովակիմյանը և ուրիշներ:

Մասնաճյուղի տնօրենը իր ելույթում նախ շնորհավորեց բոլորին Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ, համառոտ ներկայացրեց բանակի կազմավորման պատմությունը` այդ գործում ընդգծելով նաև երկրապահ-կամավորական ջոկատների դերը:

Տնօրենը մասնավորապես նշեց, որ փոքր ժողովուրդը կարող է մեծ հաջողություն ունենալ, եթե լավ հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը, շատ կարևոր է ունենալ այն սերունդը, որն իր հայրենիքի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունենա, կարողանա լիարժեք իրականացնել երկրի սահմանների պաշտպանությունը:

Ռազմահայրենասիրական դաստիարակության առումով Ս.Առաքելյանը կարևոր ձեռքբերումներից համարեց 2014թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի հիմնադրումը, 2014թ. հոկտեմբերի 7-ին նույն ակումբի անդամներին Երկրապահ կամավորների միության «Երիտասարդ երկրապահ»-ի վկայականների հանձնումը, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների և «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի կողմից 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը` պատանի երկրապահների համար ռազմահայրենասիրական դասընթացների կազմակերպումը:

Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ բանակի կապիտան, ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ»-ի շքանաշանակիր, ԵԿՄ անդամ, լրագրող, գրականագետ, ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան Դևրիկյանը, ով դպրոցին նվիրեց նաև Արցախի ազատամարտի վերաբերյալ իր գրքերից:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի, ինչպես նաև մասնագիտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների համար մասնաճյուղի տնօրեն Ս.Ա.Առաքելյանը Իջևանի զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Հովսեփյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով: