Иджеванский филиал Ереванского государственного университета

Բազեն հավաքագրում է նոր անդամներ

Բազեն հավաքագրում է նոր անդամներ

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։ 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 2014-ին ավելացել են հասարակական կազմակերպությունների, լրագրողների, «Երկրապահ» կամավորականների միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ջոկատները։

ԼՂՀ մեկ ջոկատին կավելանա նաև Արցախի պետական համալսարանի ջոկատը։
«Բազեում» այս տարի որոշակիորեն խստացվել են պահանջները։

Եթե նախկինում կարող էին մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդները, ապա 2014-ից մասնակիցների տարիքն իջեցվել է, և «Բազեին» կարող են դիմել 18-30 տարեկանները։

Եթե նախորդ տարիներին ջոկատի ղեկավարներին թույլատրվում էր մեկից ավելի անգամ մասնակցել հավաքին, ապա այդ հնարավորությունը ևս սահմանափակվել է։

Այս ամենը, ըստ Հովհաննես Գաբրիելյանի, արվել է, որպեսզի հնարավորինս նոր երիտասարդների կարողանան ներգրավել հավաքին։ Նա նաև տեղեկացնում է, որ արդեն 12 տարվա պատմություն ունեցող այս ծրագիրը սիրված, սպասված ու պահանջված է երիտասարդների կողմից. «Յուրաքանչյուր մասնակից այստեղ կարողանում է ոչ միայն ինքնադրսևորվել, չափել ուժերը տարբեր մրցույթներում, այլև ստանում է մեծ փորձառություն, դառնում է մի մեծ թիմի մասնիկը, թիմ, որի նպատակը համախմբումն է, միմյանց օգնելով՝ դեպի վերջնական նպատակին հասնելը։

Հավաքը նաև թիմային աշխատանքի մեծ փորձ է հաղորդում։ «Բազեն» լարված, դժվար պայքարի հարթակ է, որը նաև կոփում է երիտասարդներին»։

Անդրադառնալով լրագրողների ջոկատին՝ «Բազեի» ղեկավարը նշում է. «Լրագրողները կկարողանան ներսից ճանաչել հավաքը։ Թող մասնակցեն, տեսնեն հավաքի բոլոր առավելությունները, և եթե գտնեն թերություններ, թող տեղյակ պահեն, մենք էլ կփորձենք շտկել դրանք»։

Նշենք, որ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Ընդհանուր առմամբ հավաքին այս տարի կմասնակցի շուրջ 500 երիտասարդ, ում սպասվում են հագեցած օրեր։

Մասնակիցներն ուժերը կչափեն մարզական ստուգատեսներում (լող, թենիս, ֆուտբոլ, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, սպորտլանդիա, վոլեյբոլ և այլն), մշակութային միջոցառումներում (երգ, պար, նորաձևություն), ինտելեկտուալ խաղերում։ Մրցելույթները կգնահատեն պրոֆեսիոնալ ժյուրին և համապատասխան ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները։

Սպասվում են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ, տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, կինոդիտումներ։

Միջազգային տնտեսական համաժողով` Թբիլիսիում

Միջազգային տնտեսական համաժողով` Թբիլիսիում

Վրաստանի տեխնիկական համալսարանը՝ ս.թ. հոկտեմբերի 17-18-ին Թբիլիսիում կազմակերպում է երկրորդ միջազգային տնտեսական համաժողով (IEC 2014):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը /էլփոստ-iec@gtu.ge /: 

Մասնակցության համար անհրաժեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.iec.gtu.ge կայքէջը կամ կից ներկայացվող նյութերից:

 

ՄԿՈԱ բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

ՄԿՈԱ բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

 

Հարգելի՛  դասախոսներ, հունիսի 20-ին` ժամը 14:00-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 28 լսարանում տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցների հետ հանդիպում, որի ընթացքում կպարզաբանվեն դասընթացների փաթեթներին վերաբերող հարցեր: Բոլոր դասախոսների ներկայությունը պարտադիր է:

ANSEF 2015 գիտական մրցույթի հրավեր

ANSEF 2015 գիտական մրցույթի հրավեր

 

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետույան գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2015թ. գիտական դրամաշնորհի մրցույթի:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 2015թ. հունվարի 1-ը:

 Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝help@ansef.org:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է:

Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org)կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով՝  ansef.herokuapp.comմինչև 2014թ. օգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2015 մրցույթի շրջանակներում ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հավելյալ 2 դրամաշնորհ է սահմանվել մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար՝ Ա.Լ. Թախտաջյանի անվան դրամաշնորհ կենսաբանության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանագիտության բնագավառներում:

Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից՝ նոր դիմում ներկայացնելու համար:

Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով:

Այսպիսով, Ձեզ հնարավություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախևառաջ պետք է գրանցվեք պորտալում:

Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլեկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մուտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ website@ansef.org:

ՀՕՖ-ի տեղեկատվության և հաղորդակցության բաժին

Աղբյուրը` armacad.blogspot.com