Иджеванский филиал Ереванского государственного университета

Հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու 2015թ. հոկտեմբերի 14-15-ը կայանալիք հանրապետական գիտական նստաշրջանին՝ նվիրված ակա­նավոր հայագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին:

Սույն գիտաժողովը առաջինը կլինի «Աբեղյանական ընթերցումներ» խորագիրը կրող ամենամյա գիտական նստաշրջանների շարքում, որ կազմակերպում են ԵՊՀ հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոնները:

Զեկուցումների վերնագրերն ուղարկելու վերջին ժամկետն է 2015 թ. հունիսի 20-ը, հիմնադրույթներ ուղարկելու վերջին ժամկետը՝ 2015 թ. հուլիսի 20-ը:

Հիմնադրույթները (1-2 էջ) ուղարկել hlpambion@mail.ru և lezu2014@mail.ru էլեկտրոնային փոս­տերին File Attachment-ով. համակարգը՝  Microsoft Word, տառատեսակը՝  Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5:

Զեկուցումները կհրատարակվեն:

Վոլեյբոլի բաց առաջնություն

2015թ. ապրիլի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Առաջնության հանդիսավոր բացմանը ներկա էին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը. «Հարգարժա՛ն տնօրեն, հարգելի՛ հյուրեր, սիրելի՛ մասնակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հյուրընկալել է վոլեյբոլի բաց առաջնության թիմերին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը»:

Ապա տիկին Պողոսյանը խոսքը փոխանցեց պարոն Առաքելյանին, ով ողջունեց բոլոր մասնակիցներին ու հյուրերին, Հայոց եղեռնի վերաբերյալ կատարեց պատմական համառոտ ակնարկ` ընդգծելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ընտրված 4 գաղափարները` «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար» և «Վերածնունդ»:

Դիմելով մատաղ սերնդի ներկայացուցիչներին` տնօրենը մաղթեց, որ, հանձինս նրանց, ունենանք այն սերունդը, որը կբնակվի մեր պատմական հայրենիքում` որպես նրա լիիրավ տեր»:

Ապա Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը առաջնությունը հայտարարեց բացված:

Առաջնությանը մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հավաքականը, Հումանիտար գիտությունների, Կիրառական արվեստի ֆակուլտետների հավաքական թիմերը, մասնաճյուղի դասախոսների թիմը, Իջևանի մարզադպրոցի, Դիլիջանի ավագ դպրոցի, Գանձաքարի, Աչաջրի, Սարիգյուղի, Այգեհովիտի դպրոցների թիմերը:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:
Բոլոր թիմերն էլ լավ պատրաստված էին և ցուցադրեցին գեղեցիկ խաղ:

Լավագույն խաղացող ճանաչվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմից Թեհմինե Ղազարյանը, ով տնօրենության կողմից ստացավ պատվոգիր:

Լավագույն հարձակվող ճանաչվեց և տնօրենության կողմից պատվոգիր ստացավ Ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը:

Եզրափակիչ դուրս եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Դիլիջանի ավագ դպրոցի թիմերը:

2:0 հաշվով հաղթեց ԵՊՀ ԻՄ-ի թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց մեդալներով, գավաթով և պատվոգրով:

Երկրորդ և երրորդ տեղերը գրաված Դիլիջանի ավագ դպրոցի և Այգեհովիտի դպրոցի թիմերը ստացան պատվոգրեր:

Զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Ալիխանյանը

2015թ. ապրիլի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Ֆուրիեյի շարքեր» թեմայով զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Ալիխանյանը:

Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ցուցուլյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցումը պատրաստելիս ուսանողուհուն օժանդակել է Ա.Ցուցուլյանը:

Թեման բավականին հետաքրքիր էր և կիրառելի:

Զեկուցողը ընդհանուր տեղեկություններ տվեց թեմայի վերաբերյալ, այնուհետև անդրադարձավ Չեզարովյան միջիններին, նշեց Ֆեյերի միջուկների հիմնական հատկությունները:

Վերջում ուսանողուհին պատասխանեց ներկաների ուղղած հարցերին:

Ճանաչողական էքսկուրսիա դեպի պատմամշակութային վայրեր

2014-15 ուստարում մասնաճյուղի լավագույն կուրսեր ճանաչված «Սերվիս» մասնագիտության 2-րդ ու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսերի ուսանողներին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից հնարավորություն էր ընձեռվել ճանաչողական էքսկուրսիաներ կատարելու դեպի Երևանի պատմամշակութային վայրեր:

2015թ. ապրիլի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանի գլխավորությամբ կատարեցին ճանաչողական էքսկուրսիա:

Արեգունու, Փամբակի, Գեղարքունյաց, Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերով անցնող ճանապարհին ուսումնական խորհրդատու Պ․Ասիլբեկյանը ուսանողներին ներկայացրեց այդ լեռնաշղթաների յուրահատկությունների, Հայաստանում դրանց ունեցած դերի մասին։

Նախ ուսանողներն այցելեցին Աբովյանի Ս.Հովհաննես եկեղեցի:

Հայաստանի զբոսաշրջային ինդուստրիայի ապագա կազմակերպիչների հաջորդ կանգառը Երևանի պատմության թանգարանն էր, որտեղ նրանք ծանոթացան թանգարանում պահվող և պատմության շունչն իրենց մեջ կրող եզակի ցուցանմուշներին։

Այնուհետև ուսանողներն այցելեցին զբոսաշրջիկների կողմից սիրված մշակութային վայրեր, ուսումնասիրեցին դրանց զբոսաշրջային ներուժն ու հնարավորությունները։
Էքսկուրսիայի վերջին կանգառը եղավ Մոսկվա կինոթատրոնը, որտեղ ուսանողները դիտեցին ֆիլմ։

Հաճելի տպավորություններով և մեծ բավականություն ստացած` «Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները վերադարձան Իջևան։

 

«Նեմեսիս» գործողության մասին գիտական զեկուցում և «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի բեմադրության տեսանյութի ցուցադրություն

2015թ. ապրիլի 17-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում ներկայացվեց «Նեմեսիս» գործողության մասին գիտական զեկուցում, և տեղի ունեցավ 2012թ. ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ի կազմակերպած «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի բեմադրության տեսանյութի ցուցադրությունը:

Ներկա էին մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

Զեկուցումով հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ալվարդ Սարգսյանը:

Զեկուցումը ներկայացվեց հարցուպատասխանի ձևով:

Ուսանողների միջև ծավալվեց քննարկում` Հայոց եղեռնի և մասնավորապես «Նեմեսիս» գործողության շուրջ:

Այնուհետև ցուցադրվեց «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի բեմադրությունը, անդրադարձ կատարվեց ոճրագործների մահապատիժների իրականացմանը: