Иджеванский филиал Ереванского государственного университета

Ուսանողական գիտական նստաշրջան

Հարգելի՛ ուսանողներ, 2015թ. մայիսի 7-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան:

Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները տպագրվելու են ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը, տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջները, ամբիոնի երաշխավորագրի ձևաթուղթը և մասնակցության հայտաձևը:

Հարվարդի համալսարանի բնապահպանության կենտրոնը հայտարարում է

Հարվարդի համալսարանի բնապահպանության կենտրոնը 2015 թվականի համար ունի 6 կրթաթոշակներ:

Բնապահպանական կենտրոնի կրթաթոշակակիրները երկու տարի շարունակ կաշխատեն իրենց ընտրությամբ ցանկացած ամբիոնի կամ կենտրոնի աշխատակիցների հետ՝ նոր իմացություն ու գիտելիք ստեղծելու ինչպես նաև համալսարանի տարբեր կենտրոնների կապն ամրապնդելու համար:  

Ցանկացած ոլորտում թեկնածուական աստիճան ունեցող կամ չունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել:

Մանրամասները`  armacad.blogspot.com կայքում:

«100-ամյա լռություն» միջոցառումների շարք

«Միշտ երիտասարդ» ԵՀԿ-ն սկսում է «100-ամյա լռություն» խորագրով միջոցառումների շարք` նվիրված հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

Միջոցառումների հիմնական նպատակը լինելու է երիտասարդների շրջանում հայոց Մեծ եղեռնի մասին ինֆորմացիայի տարածումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կլինեն տարաբնույթ միջոցառումներ, որոնցում ներգրավված կլինեն երիտասարդներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից:

Միջոցառումները տեղի կունենան 2015 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին: Իսկ նախապատրաստական աշխատանքների մեկնարկը կտրվի ս.թ. նոյեմբերի երկրորդ կեսին. հենց այդ ժամանակ էլ ավելի մանրամասն կխոսենք բոլոր միջոցառումների մասին՝ ներկայացնելով ոլորտը, մասնակցության տարբերակները, ժամանակահատվածը և այլ մանրամասներ:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր երիտասարդ, երիտասարդական կազմակերպություն կամ ցանկացած այլ կառույց կարող է իր ներդրումն ունենալ «100-ամյա լռություն» նախագծի իրականացման մեջ` դառնալով մեր թիմի անդամ, որպես կամավոր կամ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով կազմակերպչական աշխատանքներին: Բոլոր ցանկացողները կարող են լրացնել հայտը և ուղարկել մեզ:

Մենք կկապվենք բոլորի հետ աշխատանքները սկսելու նախօրեին:

Հարգանքներով՝ «Միշտ երիտասարդ» Երիտասարդական հասարակական կազմակերպություն:

Աղբյուրը` normitq.am

Գրական-երաժշտական երեկո սահմանային զորամասում

2014թ. նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի սահմանային զորամասում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզի սահմանային զորամասի հրամանատարը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, սպաներ, զինվորներ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Հովսեփյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին: Նա կարևորեց ուսանողների մասնակցությունը երկրի պաշտպանության գործընթացում:

Այնուհետև ներկաներին ողջունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը:

Նա նշեց, որ ի դեմս զինվորների` ունենք ամուր հենարան, խաղաղ երկիր, աննկուն բանակ, որ մեր զինվորների աչալուրջ և աննկուն ծառայության շնորհիվ կանխվում են մեր թշնամիների դավադիր հարձակումները և համարժեք հակահարված տրվում ցանկացած ոտնձգության:

Նա նշեց, որ մասնաճյուղը կարևորում է բուհ-բանակ համագործակցությունը և պատրաստակամ է նախապատրաստական դասընթացներ անցկացնելու այն զինվորների հետ, ովքեր նպատակ ունեն զորացրվելուց հետո սովորելու բուհում:

Ելույթ ունեցավ նաև մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը`զինվորներին մաղթելով խաղաղ երկինք, բարի ծառայություն:

Դահլիճում տոնական և անկաշկանդ մթնոլորտ էր:

ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան երգով, պարով, ասմունքով. երգեցին ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր, ուս ուսի պարեցին սահմանապահ Տավուշի աննկուն պաշտպաների հետ:

Ամփոփելով միջոցառումը` շնորհակալական խոսք ասաց զորամասի սպա, մասնաճյուղի նախկին դասախոս Վահագն Չոբանյանը:

Նա նշեց, որ հպարտանում է թե՛  շնորհաշատ ուսանողների հայրենասիրությամբ ու տաղանդով, թե՛ Հայոց բանակի քաջարի մարտիկներով:

Վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին զորամասի շարային երթին:

Մասնաճյուղում ստեղծվել է Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի 2014թ. նոյեմբերի 21-ի № 189 հրամանով ստեղծվել է Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն, որի ղեկավար է նշանակվել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մանկ.գ.թ., դոցենտ Վաչիկ Արամայիսի Բրուտյանը:

Կենտրոնի անդամներ են նշանակել հետևյալ աշխատակիցները.

Անուշավան Հայկարամի Մակարյան – տնօրենի խորհրդական, Բնական գիտությունների ֆակուլտետի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ֆ.մ.գ.թ., դոցենտ,

Գարուշ Գուրգենի Անանյան – տնօրենի խորհրդական, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ,

Նելլի Բաբկենի Խուդավերդյան – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տեխն. գ.թ, դոցենտ,

Արտակ Վոլոդյայի Ցուցուլյան – Բնական գիտությունների ֆակուլտետի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ,

Մարիետա Ալբերտի Ճաղարյան – ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ, Բնական գիտությունների ֆակուլտետի Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ,

Աիդա Ասիլբեկի Սարհատյան – Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ,

Աիդա Սերոժի Մարդանյան — Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ,

Նաթելլա Սերոժի Գրիգորյան — Կենտրոնի քարտուղար, տնօրենի օգնական: