Извините, этот техт доступен только в “Армянский”.
Նորություններ
Поздравляем
Սիրելի՛ ուսանողներ,
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սրտանց շնորհավորում է ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ` մաղթելով ուսանողական բովանդակալից ու երջանիկ տարիներ, առողջություն, նպատակասլացություն, հաջողություններ ձեր գեղեցիկ նախաձեռնություններում ու ողջ կյանքում:
Միշտ հիշեք, որ դուք եք մեր հող ու ջրի պաշտպանն ու տերը, երկրի գալիքը կերտողը, ձեր ծնողների հույսն ու ապավենը. ուրեմն` պատվով ու պատասխանատվությամբ ստանձնեք ձեր այս մեծ դերը…
______________________
Ուսանողների տոնի նախապատմությունը
1939 թ.-ի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918 թ.-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ:
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի, ենթակվում են մահապատժի: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:
Երկու տարի անց Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների` նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես Ուսանողի օր: 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր:
Գիտական զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանը
2015թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում «Սոցիալական դեպրիվացիա» թեմայով գիտական զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանը:
Ներկա էին Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը, ամբիոնի դասախոսները, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների ու կուրսերի ուսանողներ:
Զեկուցողն ունկնդիրներին ծանոթացրեց հոգեբանության մեջ որպես խորքային հիմնախնդիր հանդես եկող «Դեպրիվացիա» հասկացությանը, ներկայացրեց դրա տեսակները (միջավայրային, բնակտարածքային, հաղորդակցման, տեղեկատվական), դրսևորման ձևերը, հետազոտական մոտեցումները, միջոցները և վերականգնողական հնարավոր ուղիները:
Բացատրվեցին դեպրիվացիայի հարակից հասկացությունները.
• psychological starvatio — հոգեբանական քաղց,
• carence mentale — հոգեկան անբավարարվածություն,
• isolation — մեկուսացում,
• segregation — առանձնացում,
• deficit — պակասություն:
Վերջում Դ.Սարգսյանը պատասխանեց մասնակիցների հղած հարցերին:
Թեման, լինելով բավականին հետաքրքիր և արդիական, տեղիք տվեց ակտիվ քննարկման:
ԵՊՀ ՎԱՐԴԱՆԱՆՔ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑԻՆ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԸ
2015թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբի անդամներին` նախագահ Սաթենիկ Աբրահամյանի և փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանի գլխավորությամբ, հյուրընկալեց մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:
Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ակումբի և ընդհանրապես մասնաճյուղի գործունեությանը, երկու ակումբների միջև ծավալել և խորացնել համագործակցությունը, համատեղ ծրագրեր իրականացնել:
Նախ Վարդանանք ակումբի անդամները մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ուղեկցությամբ շրջեցին ԵՊՀ ԻՄ-ի 2 մասնաշենքերով ու 4 ֆակուլտետներով, դեկանները հյուրերին ներկայացրին ֆակուլտետներում գործող ամբիոնները, մասնագիտությունները, լաբորատորիաները, համակարգչային սրահները, արվեստանոցները և այլն:
Հյուրերի վրա մեծ տպավորություն գործեց հատկապես Կիրառական արվեստի ֆակուլտետը, ուր նրանք ծանոթացան ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններին, դրանց ստեղծման տեխնիկային:
Ապա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ, ով ողջունեց համագործակության առաջին քայլը, ներկայացրեց մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեության նպատակը, գլխավոր խնդիրները, որպեսզի ավելի տեսանելի լինեն երկու ակումբների համագործակցության եզրերը:
Նշվեց, որ «Տավուշ» ակումբը կոչված է բարձրացնելու ուսանողների, երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին, նպաստելու նրանց հասարակական գործունեության ակտիվացմանը:
Այն համագործակցում է ԵԿՄ վարչության, ՀՀ ԶՈՒ ՊՆ տարբեր զորամասերի, մարզում առկա հասարակական կազմակերպությունների, դպրոցների, ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի հետ:
Զրույցը շարունակվեց ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, երկուստեք եղան առաջարկներ:
Հանդիպման վերջում ԵՊՀ Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ հետայսու այսպիսի հանդիպումները շարունակական են լինելու և, իհարկե, կլինեն ծրագրեր, որոնք ակումբները համատեղ ջանքերով կիրականացնեն:
Փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը (Թաթուլ Կրպեյանի քույրը) տնօրենին նվիրեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված գիրքն ու Վարդանանք պարբերաթերթի հատուկ թողարկումը, որտեղ անդրադարձ էր կատարվել Թաթուլին, նրա կյանքին ու գործունեությանը, հերոսի հոբելյանին նվիրված գրեթե բոլոր միջոցառումներին, Թաթուլ բանաստեղծին ու արվեստագետին:
Այնուհետև Վարդանանք ակումբի անդամները հանդես եկան Թաթուլ Կրպեյանի կյանքի մասին կենսագրական տվյալներով ու փաստերով, ներկայացրին հերոսի հայտնի և անհայտ լուսանկարները, հայրենիքին, մորը, քրոջը նվիրված բանաստեղծությունները:
Մայր բուհի Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբը մասնաճյուղից հեռացավ ջերմ տպավորություններով ու հույզերով, համագործակցության ծրագրերի նախագծերով:
Հանդիպման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:
Մասնաճյուղում «Փնտրման և տեսակավորման դասական ալգորիթմներ: Ալգորիթմների ծրագրային ապահովման մշակում և բարդությունների գնահատում» թեմայով գիտական զեկուցում կարդաց ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի ամբիոնի ասպիրանտ Ներսես Խաչատրյանը
2015թ. նոյեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Փնտրման և տեսակավորման դասական ալգորիթմներ: Ալգորիթմների ծրագրային ապահովման մշակում և բարդությունների գնահատում» թեմայով գիտական զեկուցում կարդաց ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի ամբիոնի ասպիրանտ Ներսես Խաչատրյանը, ում հրավիրել էր մասնաճյուղի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը:
Ներկայացվեց, որ տեսակավորման ալգորիթմները գնահատվում են կատարման արագությամբ և հիշողության օգտագործման արդյունավետությամբ, դիտարկվեցին կիրառական խնդիրների օրինակներ, որոնց համար A ալգորիթմի կատարման ժամանակը ուղիղ համեմատական է f(n) ֆունկցիային:
Վերլուծվեցին նույն խնդիրը լուծող տարբեր ալգորիթմների էֆեկտիվության համեմատության հնարավորությունները:
Մանրամասն ներկայացվեցին տեսակավորման ալգորիթմները.
• Պղպջակների մեթոդ (անգլ՝ Bubble sort), ալգորիթմի դժվարությունը` O(n2), ինդեքսի յուրաքանչյուր զույգի համար իրականացվում է փոխանակում, եթե էլեմենտները տեղաբաշխված են ոչ հերթականությամբ։
• Կոկտեյլային տեսակավորում (Cocktail sort, bidirectional bubble sort), ալգորիթմի դժվարությունը` O(n2):
• Բլոկային տեսակավորում (տեսակավորում Bucket sort) ալգորիթմի դժվարությունը` O(n), պետք է O(k) լրացուցիչ հիշողություն և տեսակավորվող տվյալների էության իմացություն, «տեղափոխել» և «համեմատել» ֆունկցիաների սահմանների մեջ։
• Հաշվարկող տեսակավորում (Counting sort) ալգորիթմի բարդությունը ` O(n+k), անհրաժեշտ է O(n+k) լրացուցիչ հիշողություն:
• Միաձուլման տեսակավորում (Merge sort) ալգորիթմի բարդությունը` O(n log n), անհրաժեշտ է O(n) լրացուցիչ հիշողություն, շարել ցանկի առաջին և երկրորդ մասը առանձին, իսկ հետո միաձուլել հաջորդականացված ցանկերը։
• Ծառային տեսակավորում (անգլ.՝ Tree sort) ալգորիթմի բարդությունը` O(n log n), անհրաժեշտ է O(n) լրացուցիչ հիշողություն։
• Ընտրանքային տեսակավորում (Selection sort) ալգորիթմի բարդությունը ` O(n2), ամենամեծ կամ ամենափոքր էլեմենտի փնտրում և տեղադրում հաջորդականացված ցանկի վերջում կամ սկզբում:
• Շելլի տեսակավորում (Shell sort) ալգորիթմի դժվարությունը ` O(n log2 n) և փորձ լավացնելու մուտքային տեսակավորում:
• Խմբային տեսակավորում (Heapsort) ալգորիթմի բարդությունը՝ O(n log n), վերածել ցանկը խմբի, վերցնել ամենամեծ էլեմենտը և ավելացնել ցանկի վերջում։
• Արագ տեսակավորում (Quicksort), հիշողության նվազագույն ծախս, ալգորիթմի բարդությունը` O(n log n), միջին ժամանակը, O(n2) վատագույն դեպք. լայն տարածում ունի որպես ամենաարագը դասավորելու մեծ պատահական ցանկերի համար՝ բաժանելով 2 մասի սկզբնական տվյալները, այնպես, որ առաջին կեսի ցանկացած էլեմենտ դասավորված է երկրորդ կեսի ցանկացած էլեմենտի համեմատ։ Հետո ալգորիթմը օգտագործել ռեկուրսիվ ամեն կեսում։ O(n) լրացուցիչ հիշողության դեպքում կարելի է տեսակավորումը ավելի կայուն անել։
Զեկուցումից հետո ուսանողներին առաջարկվեցին տրամաբանական խնդիրներ, որոնք քննարկվեցին մեծ ոգևորությամբ: