Иджеванский филиал Ереванского государственного университета

Հոգեբանության դոկտոր Անի Քալայջյանը դասընթաց անցկացրեց մասնաճյուղում

2014թ. սեպտեմբերի 2-ին մասնաճյուղում «Տագնապների հաղթահարում, վերափոխում և կանխարգելում խորագիտության և զգայական բանականության ինտեգրմամբ» թեմայով դասընթաց վարեց Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում ՀՍԻԿ ներկայացուցիչ, Տագնապների և ցեղասպանության ուսումնասիրությունների հայ-ամերիկյան ընկերության նախագահ, Տագնապների հաղթահարման և կանխարգելման միության հիմնադիր-նախագահ, դոկտոր Անի Քալայջյանը, որին ուղեկցում էր Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Մարիան Ուեսբերգին:

Մասնաճյուղում դասընթացի անցկացումը կազմակերպել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը` նույն մասնագիտության ուսանողների և դասախոսների համար:

Դոկտոր Քալայջյանը հեղինակն է «Աղետն ու զանգվածային տրավման» (Վիստա, 1995), «Կոնֆլիկտների փոխակերպման ու հաշտեցման հոգեբանական ուղիներ» (Սպրինեգեր, 2010) գրքերի ու գլխավոր խմբագիրն է «Զանգվածային տրավման և զգացմունքային առողջացումը ամբողջ աշխարհում: Բուժման և իմաստավորման ծիսակարգեր և պրակտիկա» գրքի II հատորի (Պրայեգոր, 2010):

Նա դասընթացներ է վարել աշխարհի 45 երկրներում` հատկապես այն երկրներում, որտեղ երկրաշարժերի, ցունամիների, ցեղասպանություններիի հետևանքով մարդիկ հոգեբանական ցնցումներ են կրել:

Դասընթացն անցկացվեց «Իմաստալից աշխարհ Մարդասիրական Նպաստամատույց Ծրագրի» շրջանակներում, որի հիմնական կորիզը 7-քայլանի բուժական մոդելն է:

Այն ներառում է հետևյալ քայլերը.
1. Տագնապի, անհամաձայնության կամ կոնֆլիկտի մակարդակների գնահատում:
2. Ապրումների արտահայտման խրախուսում:
3. Փոխադարձ համակրանք ու գնահատում:
4. Իմաստի հայտնագործման ու արտահայտման խրախուսում:
5. Ուսուցողական ինֆորմացիայի տրամադրում:
6. Բնակենտրոն հոգատարության սերմանում:
7. Մարմնական, շնչառական և շարժունակության միջոցով առողջացման ցուցադրում:

Հետաքրքիր և բովանդակալից դասընթացի ժամանակ ուսանողները թեստերի, քննարկումների, ֆիզիկական վարժությունների միջոցով ձեռք բերեցին տագնապների հաղթահարման, վերափոխման ու կանխարգելման վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ:

2013-14 ուստարում մասնաճյուղի դասախոսները հեղինակել են մեկուկես տասնյակ գրքեր

2013-14 ուստարում մասնաճյուղի դասախոսները հեղինակել են 15 գիրք` 6 մենագրություն, 5 ուսումնամեթոդական, 4 ուսումնական ձեռնարկ:

Ստորև ներկայացնում ենք գրքերի ցանկը` ըստ ամբիոնների.

Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն.

1. Այվազյան Կ. Բ., Մաթեմատիկա հումանիտար մասնագիտությունների համար, ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, 135 էջ:

2. Ճաղարյան Մ. Ա., Տվյալների կառույցներ, ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, 85 էջ:

Անտառագիտության ամբիոն.

3. Գ. Ս. Սիմոնյան, Ա. Ա. Թութունջյան, Ջրերի գլխավոր իոններ և լուծված գազեր, ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2013, 72 էջ:

Պատմության և քաղաքագիտության ամբիոն.

4. Նահապետյան Ռ., Ազգագրական տեղեկությունները Փ. Բուզանդի «Հայոց պատմություն» երկում, մենագրություն, Եր., Հեղինակային հրատ., 2013, 149 էջ (Հնագիտության և ազգագրության ամբիոն) :

5. Ներսիսյան Ա. Ա., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն /1908-1918/, հատոր Գ, մենագրություն, Բեյրութ, «Զավարեան մատենաշար», 2013, 350 էջ (Հայոց պատմության ամբիոն):

6. Ներսիսյան Ա. Ա., Զորավար Սեպուհ, մենագրություն, երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատ., 2014, 340 էջ: (Հայոց պատմության ամբիոն):

Հայոց լեզվի և գրականության ամբիոն.

7. Վանյան Հ. Ս., Ավետիք Իսահակյանի չափածո և արձակ լեգենդները, մենագրություն, Երևան, «Տիր» հրատ., 2014, 176 էջ:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոն.

8. Մանուկյան Ա. Մ., Պրոբլեմային իրավիճակներում մանկավարժական խնդիրների լուծման ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնոլոգիական համակարգեր /կիրառական մանկավարժություն/, մենագրություն, Երևան, «Զանգակ – 97» հրատ., 2013, 300 էջ:

9. Բրուտյան Վ. Ա., Ընդհանուր և զինվորական մանկավարժության բառարան -տեղեկատու, ուսումնամեթոդական ձեռնարկ, Վանաձոր, «ՍԻՄ» տպագրատուն, 2013, 160 էջ:

10. Саргсян Д. Ю., Проблемы психологической безопасности личности: теоретические и экпериментальные проблемы /соавтор/, образовательно-методическое пособие, Ереван, Издательство ЕГУ, 2013, 136 с.

Օտար լեզուների ամբիոն.

11. Էվինյան Ս., Աբրահամյան Ս., Թեմրազյան Է., Ուսումնական ձեռնարկ հոգեբանության բաժնի ուսանողների համար, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, էջ 247:

12. Թեմրազյան Է., Էվինյան Ս., Աբրահամյան Ս., Նամակագրություն և ինքնակենսագրություն, գրքույկ անգլերեն լեզու ուսումնասիրողների համար, ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ. 2014, էջ 228:

Ընդհանուր տնտեսագիտության ամբիոն.

13. Հովսեփյան Վ. Ե., Ազգային տնտեսություն, ուսումնական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2014, 232 էջ (ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոն):

14. Գալստյան Գ. Ս., Հարկային քաղաքականության տեսական հիմունքներ, ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2013, 95 էջ (ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոն):

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն.

15. Պոտոսյան Ա. Հ., Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչությունը և բնակավայրերը, մենագրություն, «Աստղիկ» գրատուն, Երևան, 2013, 416 էջ (Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն):

Մեկնարկեց նոր` 2014-2015 ուսումնական տարին

2014թ. սեպտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, Իջևանի N զորամասի հրամանատարական կազմը, նույն զորամասի նվագախումբը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական օրհներգով, որից հետո ուսանողներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը:

Տնօրենը նրանց մաղթեց ուսանողական բեղմնավոր տարիներ, գիտելիքների անսպառ ձեռքբերում և հաճելի ընկերական շրջապատ: Բարձր կուրսեցիներին կոչ արեց սիրով ու ջերմությամբ ընդունել նորեկ ուսանողներին, օրինակ ծառայել լավ սովորելու, գիտելիքներ ձեռքբերելու գործում:

Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ ուսանողներին ողջունեց Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը` մասնավորապես նշելով, որ ուսանողը պետք է լինի զինվորի նման կարգապահ ու հայրենիքի նվիրյալ զավակ:

Այնուհետև առաջին կուրսեցիներին իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն ուղղեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը՝ շեշտելով, որ ուսանող լինելը մեծ պատիվ է, իսկ ուսանողի կոչմանն արժանանալը՝ մեծ պատասխանատվություն:

Նա ողջունեց մեր առաջին կուրսեցիների նորամուտը բուհ, որտեղ իշխում են ջերմությունն ու ուրախությունը, ընկերությունն ու ներդաշնակությունը: Նա ուսանողներին կոչ արեց ներգրավվել ուսխորհրդի աշխատանքներում` առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելով ուսանողական առօրյան:

Մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ, ԵՊՀ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Գոհար Պետրոսյանը, ով 2013թ. ճանաչվել էր ԵՊՀ-ի լավագույն ուսանող, գիտելիքի բանալին հանձնեց առաջին կուրսեցիներին, մաղթեց, որ այդ բանալին բացի նոր, ավելի լայն ու նպատակային դռներ:

Նա նշեց նաև, որ մեծ ցավով ու ափսոսանքով է հեռանում մասնաճյուղից, որ լավագույն կրթօջախն է եղել իր համար, խոստացավ բարձր պահել մասնաճյուղի պատիվը, լինել իր ընտանիքին, հայրենիքին արժանի զավակ: Առաջին կուրսեցիներն էլ, ընդունելով բանալին, խոստացան լինել արժանի հետևորդներ և հպարտությամբ կրել ուսանող լինելու պատիվը:

Միջոցառման ընթացքում իրենց հաճելի ելույթներով հանդես եկան մասնաճյուղի շնորհալի ուսանողները, Իջևանի զորամասի նվագախմբի տղաները:

Տոնական միջոցառումն ավարտվեց ուսանողական խորհրդի անդամների և զորամասի նվագախմբի մասնակցությամբ գեղեցիկ կատարումով:

Մասնաճյուղում անցկացվեցին դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ

2014թ. օգոստոսի 29-30-ը «Կրեդիտային համակարգով դասախոսների որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի» շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեցին դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ, որոնց մասնակցեցին մասնաճյուղի շուրջ 60 դասախոսներ:

Դասընթացների թեմաներն էին «Դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ» և «Մանկավարժական հոգեբանություն», որոնք ընդգրկված են վերոնշյալ ծրագրի կրթական կառուցամասի «Մանկավարժական-հոգեբանական պատրաստություն» ենթաբաժնում:

«Դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ» թեմայով դասընթացը վարում էր ԵՊՀ մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Իգոր Կարապետի Կարապետյանը:

«Մանկավարժական հոգեբանություն» թեմայով դասընթացը վարում էր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյանը:

Դասախոսների որակավորման բարձրացման դասընթացները բավականին հետաքրքիր էին ու արդյունավետ, ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով:

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը ներառվել է աշխարհի առավել կարևոր հիշատակի թանգարանների տասնյակի մեջ

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը ներառվել է The Cultural Trip կայքի կազմած աշխարհի առավել կարևոր հիշատակի թանգարանների տասնյակի մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ կայքում Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հետ ցուցակում տեղ են գտել Լեհաստանի Աուշվից-Բիրկենաուն (Auschwitz-Birkenau), Սենեգալի «Ստրուկների տունը» (House of Slaves), Ճապոնիայի Հիրոշիմայի խաղաղության հիշատակի թանգարանը (Hiroshima Peace Memorial Museum), Չիլիի Հիշատակի և մարդու իրավունքների թանգարանը (Museum of Memory and Human Rights), Կամբոջայի Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարանը (Tuol Sleng Genocide Museum), Իսրայելի «Յադ Վաշեմ» Հոլոքոստի թանգարանը (The Holocaust History Museum, Yad Vashem), Չինաստանի Նանջին քաղաքի Կոտորածի հիշատակի թանգարանը ( Nanjing Massacre Memorial Museum), Հարավային Աֆրիկայում` Ապարտեիդի թանգրանը ( Apartheid Museum), ԱՄՆ-ում` Սեպտեմբերի 11-ի հիշատակի թանգարանը ( September 11 Memorial Museum):

«Հայերեն Մեծ եղեռն կոչվող Հայոց ցեղասպանությունը եղել է թերևս մեծագույն ողբերգությունը, որը երբևէ հարվածել է հայ ժողովրդին: Թուրքական կառավարության կողմից 1915 թվականին 250 բարձրաստիճան հայ առաջնորդների ու մտավորականների սպանությունը խորհրդանշեց հայերի ջարդերի սկիզբը, որ տարել է մեկ միլիոն մարդու կյանք, կանանց և երեխաներին ծրագրավորված մահվան աքսորը դեպի արևելյան անապատներ, մինչդեռ առավել աշխատունակ տղամարդիկ պարտադրված են եղել կատարել ծանր աշխատանքներ: Երևանում Հայոց ցեղասպանության թանգարանը օգնում է կատարել պատկերավոր շրջայց պատմության միջոցով՝ սկսած ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանից մինչև սրտաճմլիկ հարցազրույցներ, ականատեսների վկայություններ և ֆիլմեր, որոնք պատկերում են Ցեղասպանությունը վերապրածների տառապանքները: Ներկայումս թանգարանում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, սակայն այն կրկին բացվելու է 2015 թ-ի գարնանը»,- հաղորդում է կայքը:

The Culture Trip կայքի հրապարակած ցուցակում ընդգրկված թանգարանների ներկայացման հիմք է դարձել այն, որ ոգեկոչումը հիմնարար մաս է ողբերգության հետևանքների հետ առնչման գործում:\

Նշված տասը թանգարաններն ու հիշատակի սրահներն իրականացնում են նշանակություն ունեցող մշակութային իրազեկման, հասարակական ուսուցման և, ի վերջո, հիշատակի պահպանման աշխատանքները: