Иджеванский филиал Ереванского государственного университета

Մասնաճյուղում անցկացվեց Հոգեբանի օրվան նվիրված գիտագործնական կոնֆերանս

2014թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Հոգեբանի օրվան նվիրված գիտագործնական կոնֆերանս, որը կազմակերպվել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հրավիրված էին հոգեբ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանը, նույն թատրոնի դերասան-ասմունքող Ջիվան Սարգսյանը և «Միասնության արևահամ նեկտար» հասարակական կազմակերպության «Սիրո աղբյուր» համույթը:

Բացման խոսքով հանդես եկավ պարոն Աղուզումցյանը` կարևորելով հոգեբանության խնդիրներին նվիրված գիտաժողովի անցկացումը մասնաճյուղում:

Ողջույնի խոսք ասաց Հեռակա ուսուցման բաժնի վարիչի տեղակալ, բան. գիտ. թեկնածու Մուշեղ Սարուխանյանը` Հոգեբանի օրվա առթիվ շնորհավորելով մասնագետներին, ուսանողներին, ընդգծելով հոգեբանի մասնագիտության պատասխանատվությունն ու կարևորությունը մարդու կյանքում:

Այնուհետև մասնաճյուղի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոսները համապատասխան շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին գիտական զեկուցումներ:

Հոգեբ. գիտ. թեկնածու Արմեն Բեջանյանը ներկայացրեց զեկուցում`«Էկզոգեն դեպրեսիաների տարածվածությունը, դիֆերենցիալ դիագնոստիկան և հոգեբանական աջակցության մոտեցումները» թեմայով:

«Ներառական կրթության իրականացման ներկայիս խնդիրները» թեմայով զեկուցում կարդաց հոգեբ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանը:

Հոգեբան Լևոն Սարգսյանը ներկայացրեց զեկուցում`«Հոգեբանի գործունեության խնդիրները դպրոցում» թեմայով:

«Դպրոցի հոգեբանի աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով զեկուցում կարդաց հոգեբան Էդիտա Սիմոնյանը:

Հոգեբան Անուշ Մարտիրոսյանը ներկայացրեց զեկուցում`«Ներառական կրթության իրականացման մեխանիզմները ՀՀ-ում» թեմայով:

Նախատեսված էր նաև գեղարվեստական մաս, որի ընթացքում Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանը, նույն թատրոնի դերասան-ասմունքող Ջիվան Սարգսյանը, «Միասնության արևահամ նեկտար» հասարակական կազմակերպության «Սիրո աղբյուր» համույթի անդամները հանդես եկան գրական-երաժշտական փայլուն ելույթներով (դասական պոեզիայի, ժողովրդական-գուսանական երգերի ոգեշունչ կատարումներ):

«Սիրո աղբյուր» համույթի անդամներին Հեռակա ուսուցման բաժնի կողմից տրվեցին ծաղկեփնջեր ու հուշանվերներ:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Վ. Բրուտյանը` շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, ներկաներին և հայտնելով, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե´ս այստեղ: