Иджеванский филиал Ереванского государственного университета

Հանդիպում մեր շրջանավարտների հետ

2015թ. հունիսի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպում ունեցավ մասնաճյուղի մի շարք ակտիվ շրջանավարտների հետ:

Հանդիպման նպատակը ավելի քան երեք հազար շրջանավարտ ունեցող 20-ամյա մասնաճյուղում «Շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելն էր, որը կունենա իր կանոնադրությունը, աշխատանքային ծրագիրը և այլն:

«Այսօր հրավիրել ենք այն մարդկանց, ովքեր մասնաճյուղում եղել են հասարակական ակտիվ աշխատանքի ներկայացուցիչներ, այլ խոսքով` նախաձեռնող խմբի անդամներին, — նշեց պարոն Առաքելյանը: — Մեր շրջանավարտներից շատերը ներկայումս հասարակական կյանքի տարբեր ոլորտներում բարձրակարգ աշխատողներ են` գյուղապետներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դասախոսներ: Ունենք շուրջ մեկ տասնյակ շրջանավարտներ, ովքեր հենց մասնաճյուղի դասախոսներ են, պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, ստացել գիտական աստիճան, և որոնց աշխատանքից շատ գոհ են մեր ուսանողները»:

Հանդիպում մեր շրջանավարտների հետ

Տնօրենն ընդգծեց, որ մասնաճյուղի դասախոսական, վարչական անձնակազմի համալրումը բուհի շրջանավարտներով լիովին արդարացված է, կան նոր արձագանքներ, և ստեղծվելիք միությունը կնպաստի այդ շարունակական գործընթացի ապահովմանը:

Հանդիպման ընթացքում նաև շեշտվեց, որ նախատեսվող կազմակերպությունը պիտի լինի ազգային-հայրենասիրական արժեքներ որդեգրած, ապաքաղաքական կառույց, որը կգործի «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով:

Ներկաները հավանություն տվեցին շրջանավարտների միություն հիմնելու նախաձեռնությանը, այդ գործում օժանդակելու պատրաստակամություն արտահայտեցին այն համոզմունքով, որ եթե լավ հիմքերի վրա դրվի այն, ապա երկար կյանք կունենա:

Հանդիպում մեր շրջանավարտների հետ