Иджеванский филиал Ереванского государственного университета

Մեր ուսանողները Հայաստանի զբոսաշրջային ներուժն են ուսումնասիրում

2015թ. հունիսին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանի, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանի ուղեկցությամբ, ճանաչողական էքսկուրսիա կատարեցին դեպի Հայաստանի պատմամշակութային մի քանի վայրեր` Այրիվանք, Սելիմի միջնադարյան իջևանատուն, Նորավանք, Խոր Վիրապ:

Մեր ուսանողները Հայաստանի զբոսաշրջային ներուժն են ուսումնասիրում

Էքսկուրսիան իրականացվեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակություն» կազմակերպության տնօրեն Պոլետ Կուտանտի հովանավորությամբ, ով մայիս ամսին մասնաճյուղ կատարած այցի ընթացքում 100 եվրո էր տրամադրել «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին` Հայաստանի մի քանի մշակութային կոթողների զբոսաշրջային ներուժն ուսումնասիրելու նպատակով:

Էքսկուրսիայի առաջին կանգառը Այրիվանքն (Հայրավանք կամ Մարդաղավնյաց վանք) էր:

Պ.Ասիլբեկյանը ուսանողներին ներկայացրեց Այրիվանքի անվան ստուգաբանությունը, բացատրեց նրա զբոսաշրջային նշանակությունը, անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդեց Փոքր Սևանի, նրա տարածքում գտնվող Նորադուզ, Ալտանիշ թերակղզիների և Հին Հրազդանի մասին, որը հնում սկիզբ է առել Լճաշենից: Այրիվանքի նախկին` Մարդաղավնյաց անունը կապված է մի ավանդության հետ, ըստ որի` 1381 թվականին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, վանահայր Հովհանը գերեվարված հազարավոր հայերի Քրիստոսի Խաչափայտի մասունքով փոխակերպել է աղավնիների և ազատ արձակել:

Ըստ մեկ այլ ավանդության` ստորգետնյա ուղիով վանքը կապված է եղել 1 կմ հյուսիս գտնվող Սպիտակ (Բերդկունք) ամրոցի հետ և կոչվել է նաև Այրիվանք:

Հաջորդ կանգառը Սելիմի միջնադարյան իջևանատունն էր:

Մեր ուսանողները Հայաստանի զբոսաշրջային ներուժն են ուսումնասիրում

 

Այն գտնվում է Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին` նույնանուն լեռնանցքում (2410մ)` Աղնջաձոր գյուղից 10 կմ հյուսիս: Կառուցվել է Դվին-Պարտավ միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհի վրա: Ըստ հայերեն շինարարական արձանագրության` կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյան իշխանի պատվերով:

Կառույցի ճակատային մասում պահպանված 2 բարձրաքանդակները խորհրդանշում են Օրբելյան իշխանական տան զինանշանները:

Այնուհետև ուսանողներն այցելեցին Նորավանք:

Մեր ուսանողները Հայաստանի զբոսաշրջային ներուժն են ուսումնասիրում

 

Առաջին անգամ Նորավանքը հիշատակվել է 8-րդ դարում: 13-րդ դարասկզբին այն եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը: Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, 14-րդ դարի 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Մոմիկը:

Վանքի պարսպապատ տարածքում են գտնվում Սբ. Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը:

Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան եկեղեցին է: Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված 2 մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր:

Թուխմանուկի լեռնանցքով, Արփայի հովտով ուսանողները շարժվեցին Խոր Վիրապ, որը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում` Արաքս գետի ձախ կողմում` Փոքր Վեդի գյուղի մոտակայքում:

Ճանաչողական էքսկուրսիայից ուսանողները ստացան մեծ բավականություն` գործնականորեն ամրապնդելով զբոսավարությանն առնչվող իրենց տեսական գիտելիքները: