Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից մասնաճյուղի գրադարանին նվիրաբերվեց հոգևոր գրականություն

2015թ. փետրվարի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախադպրոցական ոլորտի պատասխանատու, Բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննեսի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Ն.Ստեփանյանը, գրադարանի աշխատակիցները, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը, ուսանողական կառույցների անդամներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Հանդիպման նպատակը մասնաճյուղի գրադարանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լույս տեսած հետևյալ գրքերի նվիրաբերումն էր.

1. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Համապատում, 4 Ավետարանների պարունակությունը շարադրելով, բաղդատելով և բացատրելով պատմված, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1997:

2. Ռուբեն Սևակ, Երկեր, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1997:

3. Վահրամ Մավեան, Ամբողջական երկեր, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1996:

4. Ստիլիանոս Պապադոպուլոս, Մի մեծի կյանքը, (Սուրբ Բարսեղ Կեսարացին), Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2009:

5. Տեր-Մինասեանց Երուանդ վարդապետ, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Ս. Էջմիածին, 2013:

6. Ստիլիանոս Պապադոպուլոս, Վիրավոր արծիվը: Սուրբ Գրիգոր Աստվածաբան, Ս. Էջմիածին, 2012:

7. Գիրք երկրորդումն օրինաց, Քննական բնագիր, աշխատասիրութեամբ Անդրանիկ Սահակի Զէյթունեանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2002:

8. Առակներին ուսուցանում են, կազմող` Հովհաննես սարկավագ Գալստյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2014:

9. Քրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրև հասարակության հենք, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2011:

10. Տուք զկայսերն` կայսեր եւ Զաստուծոյն Աստուծոյ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1998:

11. Խրիմյան Հայրիկ, Դրախտի ընտանիք, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2011:

12. Տրոիցկի Իլարիոն արքեպիսկոպոս, Քրիստոնեություն չկա առանց Եկեղեցու, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2011:

13. Խորեն աբեղա Առաքելյան, Սուրբ երրորդության մասին` «Եհովայի վկաների» ուսմունքի քննադատությունը, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2010:

Բարեշնորհ Դավիթ սարկավագը ուսանողների հետ բանախոսության ընթացքում ներկայացրեց նվիրաբերվող գրքերի ընդհանուր բովանդակությունը, խոսեց հոգևոր արժեքների մասին, ուսանողներին կոչ արեց հաճախակի ընթերցել հոգևոր գրականություն:

Ելույթ ունեցավ գրադարանի վարիչ Ն.Ստեփանյանը` Գրադարանի խորհրդի և ուսանողության անունից մեծ գոհունակություն հայտնելով այդ արժեքավոր գրականությունն ընծա բերելու համար, որը կօգնի բուհում ավելի բարձր մակարդակի հասցնել հոգևոր դաստիարակությունը:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ, որի ընթացքում տնօրենը նվիրաբերված գրքերի համար շնորհակալություն հայտնեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնին, նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում քրիստոնեական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է, մասնաճյուղը սերտ համագործակցում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի հետ, նախատեսվում է մասնաճյուղում բացել հոգևոր լսարան:

«Այս հանդիպումը բարի առիթ է համագործակցության, որ մասնաճյուղի գրադարանը հետայսու համալրվի Սուրբ Էջմիածնում լույս տեսնող հրատարակություններով»,- համոզմունք արտահայտեց Դավիթ սարկավագը: