Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավորում ենք

students-day

 

Սիրելի՛ ուսանողներ,

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սրտանց շնորհավորում է ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ` մաղթելով ուսանողական բովանդակալից ու երջանիկ տարիներ, առողջություն, նպատակասլացություն, հաջողություններ ձեր գեղեցիկ նախաձեռնություններում ու ողջ կյանքում:

Միշտ հիշեք, որ դուք եք մեր հող ու ջրի պաշտպանն ու տերը, երկրի գալիքը կերտողը, ձեր ծնողների հույսն ու ապավենը. ուրեմն` պատվով ու պատասխանատվությամբ ստանձնեք ձեր այս մեծ դերը…

 

 

______________________

Ուսանողների տոնի նախապատմությունը

1939 թ.-ի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918 թ.-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ:

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի, ենթակվում են մահապատժի: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:

Երկու տարի անց Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների` նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես Ուսանողի օր: 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր: