Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին տրվեցին Երկրապահ կամավորների միության վկայականներ

2014թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին Երկրապահ կամավորների միության վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին Երկրապահ կամավորների միության Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մասնաճյուղի ռազմահայրենասիրական ակումբի անդամները կազմակերպել էին տոնական միջոցառում, որի ընթացքում հնչեցին ազգային-հայրենասիրական ոգեշունչ երգեր ու բանաստեղծություններ («Կիլիկիա», «Զինվորի երգը», «Մարտիկի երգը», «Գարեգին Նժդեհ», «Սասնա պարը» և այլն), թնդաց «Հաղթանակի պարը»:

Ներկայացվեց «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության համառոտ պատմությունը:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` հայրենասիրական բարձր ոգով ներշնչված անկեղծ ու անմիջական ելույթների համար. «Մենք հպարտ ենք, որ ունենք ձեզ նման երիտասարդություն, որն իր հայրենիքի, իր հայրենի հող ու ջրի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունի, հայրենիք, առանց որի գոյության` ամեն ինչ դառնում է անիմաստ…»:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը և ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին հանձնեցին Երկրապահ կամավորների միության «Երիտասարդ երկրապահ»-ի վկայականները: