Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների

 «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների

«Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագիրը հայտարարում է 2017 թվականի մասնակիցների հավաքագրման մեկնարկի մասին:

«Բոլոր այն երիտասարդները, ովքեր տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը, կարող են դիմել ծրագրին՝ անկախ մասնագիտությունից եւ աշխատանքային փորձից:

Ծրագիրը միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական եւ առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը», – ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ծրագիրն արդեն ունի 42 մասնակից Հայաստանի մարզերում: Նրանք աշխատում են դպրոցներում եւ ակտիվ ներգրավված են համայնքների առօրյայում:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի երկարաժամկետ նպատակ՝ գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի համար: Մեր գործունեության այս 3 տարիների ընթացքում աշակերտների մոտ արդեն նկատվել է ակադեմիական աճ: Բացի դրանից, ծրագիրը պատրաստում է առաջնորդների մի ողջ սերունդ: Նախքան մասնակիցներին դպրոցներ ուղարկելը, մենք վեցշաբաթյա ինտենսիվ դասընթաց ենք կազմակերպում նրանց համար եւ վերապատրաստում նրանց որպես ուսուցիչ, աշխատում նրանց հաղորդակցման հմտությունների վրա, նպաստում ինքնազարգացմանը», – ասել է ծրագրի հիմնադիր եւ նախագահ Լարիսա Հովհաննիսյանը:

Այս պահի դրությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 5 մարզերի 35 գործընկեր դպրոցում:

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը www.teachforarmenia.org կայքում:

Աղբյուրը՝ http://www.mediamax.am