2013թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» ՊՈԱԿ-ի տնօրեն, ԵՊՀ ԻՄ-ի անտառագիտության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանի ուղեկցությամբ մասնաճյուղ այցելեցին անտառագետներ, կենսաբանական գիտությունների դոկտորներ Կարեն Տեր-Ղազարյանը և Ալբերտ Դումիկյանը:
Կարեն Տեր-Ղազարյանը Կալիֆորնիայի համալսարանի անտառային փորձագետ է: Ալբերտ Դումիկյանը 1988-1993թթ. աշխատել է Խաբարովսկի երկրամասի «Բուրեինյան» պետական արգելոցում՝ որպես գիտական գծով փոխտնօրեն: 1993-2012թթ. եղել է «Բուրեինյան» պետական արգելոցի տնօրեն: 2012թ. վերադարձել է հայրենիք:
Այցի նպատակն էր հանդիպել ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, կիսվել իրենց առաջավոր փորձով:
Կարեն Տեր-Ղազարյանը ուսանողների շրջանում անցկացրեց հետաքրքիր մրցույթ-խաղ, որի նպատակն էր պարզել երիտասարդների տեսակետները և առաջարկները անտառտնտեսության զարգացման խնդիրների վերաբերյալ:
Խաղի մասնակիցները նախապես բաժանված թերթիկների վրա գրեցին իրենց տեսակետներն ու առաջարկները, այնուհետև հերթով ներկայացրին դրանք: Խաղի հաղթողները որոշվեցին ժյուրիի կողմից, որի անդամներն էին Անդրանիկ Ղուլիջանյանը, Կարեն Տեր-Ղազարյանը և Ալբերտ Դումիկյանը:
I և II մրցանակային տեղերի համար ընտրվեցին երկուական մասնակիցներ:
I տեղը գրավեցին «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Մերի Ամիրզյանը և «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Դիանա Վանեսյանը:
II տեղը զբաղեցրին «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության IV կուրսի ուսանողներ Մելինե Մելիքյանը և Արթուր Մարդանյանը: Խաղի հաղթողները ստացան մրցանակներ:
Ալբերտ Դումիկյանը ներկայացրեց զեկուցում՝ Ռուսաստանում արգելոցների հիմնադրման պատմության և «Բուրեինյան» պետական արգելոցի գործունեության ու արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: