Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստում

2014թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստը, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամները:

Նիստի ընթացքում մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ Սամվել Առաքելյանը ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. ԵՊՀ ԻՄ-ի` 2013-2014 ուստարվա գործունեության վերաբերյալ տնօրենի
հաշվետվությունը:

2. ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջեի)
հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:

3. ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջեն) հաստատելու մասին:

4. ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների կանոնակարգերի փոփոխության հաստատման մասին:

5. ԵՊՀ ԻՄ-ի ներքին աուդիտի անցկացման կարգի հաստատման մասին:

6. ԵՊՀ ԻՄ-ի մեթոդխորհրդի նոր կազմը հաստատելու մասին:

7. Ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ որոշվեց հավանություն տալ 2013-2014 ուստարվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և 2011-2015թթ. ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրով 2013-2014 ուստարում նախատեսված գործողությունների վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը և մասնաճյուղի` 2013-2014 ուստարվա գործունեությունը գնահատել բավարար:

Երկրորդ հարցի կապակցությամբ որոշվեց հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը, հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարել դրա գնահատում և ներկայացնել Երևանի պետական համալսարան` հաստատման:

Երրորդ հարցի վերաբերյալ որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, հանձնարարել մասնաճյուղի տնօրենին 2015թ. ծախսերը կատարել ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվին համապատասխան:

Գիտխորհրդի նիստի ընթացքում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետների նոր կանոնակարգերը, ներքին աուդիտի անցկացման կարգը, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին խրախուսելու կարգ սահմանելու մասին կանոնակարգը, մասնաճյուղի մեթոդխորհրդի նոր կազմը, էթիկայի և կոռուպցիոն երևույթները համակարգող հանձնաժողովների կազմերը:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ներկայացնելով տարեվերջյան հաշվետվություն, ըստ մասնագիտությունների ամփոփեց 2014 թվականին մասնաճյուղի կողմից գրանցված ձեռքբերումներն ու բացթողումնեը, խոսեց իրականացվելիք ծրագրերի մասին:

Ս.Առաքելյանը 2013-2014 ուստարվա ամենակարևոր ձեռքբերումներից համարեց մասնաճյուղում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ստեղծումը, որը սերտ կապեր է պահում մարզի սահմանապահ զորամասերի հետ, երիտասարդ ուժեղ կադրերով բուհի անձնակազմի համալրումը և գիտական ակտիվ գործունեության իրականացումը. «2014թ. տպագրվել են մասնաճյուղի աշխատակիցների հեղինակած շուրջ 126 գիտական հոդվածներ, մենագրություններ և մեթոդական ձեռնարկներ:

Թեկնածուի գիտական աստիճան են ստացել տեղի դասախոսներից 7-ը (Աննա Սիմոնյան, Հասմիկ Վանյան, Ալեքսան Մարգարյան, Վահան Աղաբաբյան, Սոնա Խաչատրյան, Հայկ Քամալյան, Նաթելլա Գրիգորյան), որոնցից 5-ը հենց մասնաճյուղի շրջանավարտներ են»:

Տնօրենը առավել կարևորեց դաստիարակչական գործառույթի իրականացումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. «Մենք դեռևս խնդիր ունենք Իջևանը դարձնելու համալսարանական քաղաք: Շատ կարևոր է մեր ուսանողների մեջ սերմանել համալսարանականի հոգեբանություն, ձևավորել իսկական քաղաքացի»:

Վերջում պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլոր համալսարանականների Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ հղելով բարեմաղթանքներ, ցանկանալով, որ գալիք 2015 թվականը լինի մեծ հաջողությունների տարի:

Գիտխորհրդի նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն: