Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Երեք գեղանկար՝ ղեկավարի հայացքով

   2011-2012 ուստարում կիրառական արվեստի ֆակուլտետի «Գծանկար, գունանկար» ամբիոնի վարիչ Ա. Միրզոյանը ղեկավարել է արցախյան թեմայով երեք ավարտական աշխատանք («Ճակատամարտ», «Դադիվանք»/«Ղողանջ փրկության»/, «Գանձասար»), որոնք, ըստ նրա, առանձնանում են իրենց այլաբանական նշանակությամբ ու կատարողական արվեստով:

Համլետ Նալբանդյանի «Ճակատամարտ» աշխատանքում պատկերված են հայազգի Եսայի իշխանի և արաբ զորավար Բուղայի հավաքական կերպարները: Գեղանկարում կատարվել է պատմական զուգահեռ 852-853թթ. արցախահայության մղած հերոսական պայքարի և մերօրյա հերոսամարտերի միջև: Ամպերի մեջ ծվարած անառիկ ու կանգուն բերդերի միջոցով ընդգծվել է Արցախի՝ ներկայիս անկախ, բայց  անորոշ կարգավիճակը:

Գույնի խտությամբ ուսանողը պատկերել է մեր լեռների պես անսասան բերդում ծվարած և մեր կամքի պես համառ պայքարով ձեռք բերված հաղթանակը:

Սաթենիկ Չիբուխչյանի «Դադիվանք»/«Ղողանջ փրկության»/ աշխատանքում պատկերված է պատվանդանի վրա դրված զանգը՝ որպես մեր ժողովրդի հարատևության խորհրդանիշ, զանգի մեջ Դադիվանքի վանքային համալիրն է, Վերին Խաչենի իշխանության կենտրոնը՝ գիտության, դպրության, մշակույթի օրրան:

      20-րդ դարավերջին արցախահայությունը կանգնեց ֆիզիկական բնաջնջման եզրին, երբ քաղաքակիրթ հանրության աչքի առաջ Ադրբեջանում խոշտանգվում էր մարդը՝ միայն հայ լինելու պատճառով: Հայը նորից դարձավ պանդուխտ, և 21-րդ դարում մենք ստիպված ենք փրկության ղողանջներ հնչեցնելու:

Կտավն ստեղծվել է յուղաներկով, օգտագործվել է շերտադրման մեթոդը, նկարի որոշ հատվածների տրվել են ռելիեֆային էֆեկտներ:

Վարդուհի Վարդանյանի «Գանձասար»  եռանկար աշխատանքում պատկերված է Գանձասարը՝ որպես հայ ժողովրդի հաղթանակների ու պայծառ ապագայի խորհրդանիշ: Կերպավորման իմաստով ուսանողուհին դրսևորել է այլաբանական մոտեցում: Լայն համապատկերով ներկայացված կակաչների դաշտը ցույց է տալիս արյան գնով ձեռք բերած մեր հաղթանակը: Կակաչները մեր նահատակներն են, որ հարություն են առել ծաղիկների տեսքով:

     Գեղանկարում կիրառվել է ներկի շերտադրման, ռելիեֆների մակատեսքի ստացման եղանակը: