Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հոգեբանության դոկտոր Անի Քալայջյանը դասընթաց անցկացրեց մասնաճյուղում

2014թ. սեպտեմբերի 2-ին մասնաճյուղում «Տագնապների հաղթահարում, վերափոխում և կանխարգելում խորագիտության և զգայական բանականության ինտեգրմամբ» թեմայով դասընթաց վարեց Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում ՀՍԻԿ ներկայացուցիչ, Տագնապների և ցեղասպանության ուսումնասիրությունների հայ-ամերիկյան ընկերության նախագահ, Տագնապների հաղթահարման և կանխարգելման միության հիմնադիր-նախագահ, դոկտոր Անի Քալայջյանը, որին ուղեկցում էր Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Մարիան Ուեսբերգին:

Մասնաճյուղում դասընթացի անցկացումը կազմակերպել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը` նույն մասնագիտության ուսանողների և դասախոսների համար:

Դոկտոր Քալայջյանը հեղինակն է «Աղետն ու զանգվածային տրավման» (Վիստա, 1995), «Կոնֆլիկտների փոխակերպման ու հաշտեցման հոգեբանական ուղիներ» (Սպրինեգեր, 2010) գրքերի ու գլխավոր խմբագիրն է «Զանգվածային տրավման և զգացմունքային առողջացումը ամբողջ աշխարհում: Բուժման և իմաստավորման ծիսակարգեր և պրակտիկա» գրքի II հատորի (Պրայեգոր, 2010):

Նա դասընթացներ է վարել աշխարհի 45 երկրներում` հատկապես այն երկրներում, որտեղ երկրաշարժերի, ցունամիների, ցեղասպանություններիի հետևանքով մարդիկ հոգեբանական ցնցումներ են կրել:

Դասընթացն անցկացվեց «Իմաստալից աշխարհ Մարդասիրական Նպաստամատույց Ծրագրի» շրջանակներում, որի հիմնական կորիզը 7-քայլանի բուժական մոդելն է:

Այն ներառում է հետևյալ քայլերը.
1. Տագնապի, անհամաձայնության կամ կոնֆլիկտի մակարդակների գնահատում:
2. Ապրումների արտահայտման խրախուսում:
3. Փոխադարձ համակրանք ու գնահատում:
4. Իմաստի հայտնագործման ու արտահայտման խրախուսում:
5. Ուսուցողական ինֆորմացիայի տրամադրում:
6. Բնակենտրոն հոգատարության սերմանում:
7. Մարմնական, շնչառական և շարժունակության միջոցով առողջացման ցուցադրում:

Հետաքրքիր և բովանդակալից դասընթացի ժամանակ ուսանողները թեստերի, քննարկումների, ֆիզիկական վարժությունների միջոցով ձեռք բերեցին տագնապների հաղթահարման, վերափոխման ու կանխարգելման վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ: