Ողջույնի խոսքով հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Վարդան Ալեքսանյանը: Նա միջազգային պատվիրակներին համառոտ ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը, խոսեց գործող մասնագիտությունների մասին, ընդգծեց մասնաճյուղի դերը ինչպես կրթության, այնպես էլ ժողովրդագրության տեսանկյունից: Վ.Ալեքսանյանը կարևորեց նաև պատվիրակության այցը մասնաճյուղ` շեշտելով, որ ՀՀ-ի համար կարևոր է բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը, իսկ Եվրոպան շարունակում է մնալ որպես դեմոկրատական արժեքների ջահակիր:
Հանդիպման ընթացքում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ փոքրածավալ դասախոսությամբ, խոսեց ԵՄ Արևելյան գործընկերության մասին: Դեսպանը նշեց, որ ԵՄ և ՀՀ միջև հարաբերությունները սկսվել են կայուն կերպով զարգանալ 1990-ական թվականների սկզբից: ԵՄ-Հայաստան համագործակցությունն ակնհայտ կերպով ամրապնդվեց 2006թ. նոյեմբերին հաստատված ԵՀՔ Գործողությունների ծրագրի ընդունումից հետո: Հիշեցրեց, որ ԵՄ-Հայասատան հարաբերությունների հիմքում ընկած է Գործընկերության և համագործակցության համաձայնագրով նախանշված ժողովրդավարության, շուկայական տնտեսության, միջազգային իրավունքի սկզբունքների ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Տրայան Հրիսթեան համառոտ ներկայացրեց Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունը, գործնական ձեռքբերումները:
Վերջում դեսպանը պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին, շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակությանը հյուրընկալելու համար:
Մասնաճյուղից հյուրերը հեռացան նորից հանդիպելու ակնկալիքով: