Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Արցախյան հակամարտության հետազոտական դրամաշնորհային ծրագիր

 

Արցախյան հակամարտության հետազոտական դրամաշնորհային ծրագիր

Արցախյան հակամարտության ապրիլյան սրացումը՝ ամենամեծը սկսած 1994 թվականից, հակամարտության պատմության մեջ նոր փուլ նշանավորելով, թեմայի վերաբերյալ նոր հետազոտությունների անհրաժեշտություն է առաջ բերում։ Տարածաշրջանային համատեքստում Արցախյան հակամարտության վերաբերյալ հետազոտական բացը լրացնելու նպատակով Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը (USC Institute of Armenian Studies) դրամաշնորհային ծրագիր է հայտարարում։ Ծրագիրը նախատեսված է թեմայի վերաբերյալ նոր և ընթացիկ հետազոտություններ (ինչպես օրինակ՝ թեզ կամ հետդոկտորական հետազոտություն) իրականացնող երիտասարդ և ավագ գիտնականներին աջակցելու համար։

Դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016 թ․ հուլիսի 1-ն է։

Ծրագրի շրջանակներում ՀԿՀ Հայագիտության ինստիտուտը հետազոտական հայտեր է ընդունում գիտական ոլորտների լայն շրջանակ ընդգրկող թեմաներով՝ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, պատմություն, միջազգային իրավունք, սոցիոլոգիա, սոցիալական հոգեբանություն, անվտանգային հետազոտություններ, խաղաղության և հակամարտությունների հետազոտություններ, մեդիա հետազոտություններ, գենդերային հետազոտություններ և այլն։

Դրամաշնորհի չափը՝ 2000-8000 ԱՄՆ դոլար․ դրամաշնորհները տրվում են մինչև 7 ամիս տևողությամբ (մինչև 2017 թ․ հունվարի 30-ը) իրականացվող հետազոտական ծախսերի համար։ 

Ծրագրին կարող են դիմել ինչպես Հայաստանում, այնպես էլ որևէ այլ երկրում բնակվող գիտնականներ ու պրակտիկ մասնագետներ։ Հայտերի ընտրությունը կատարվելու է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը ներկայացնող գիտնականների խմբի կողմից՝ հայցորդների ակադեմիական արժանիքների, հետազոտության մեթոդաբանության, նորարարության և հետազոտական ծրագրի իրագործելիության հիման վրա։ Դիմում-հայտերը և հետազոտության հրապարակվող արդյունքները պետք է լինեն անգլերեն լեզվով։

Դիմում-հայտերը անհրաժեշտ է մինչև հուլիսի 1-ը ուղարկել researeh.armenian@usc.edu էլ․ հասցեով։

 
Ի՞նչ է ներառում դրամաշնորհը
  • Դրամաշնորհները հատկացվում են միայն հետազոտական ուղղակի ծախսերի համար, ինչպես օրինակ՝ հետազոտության համար օգնական (ասիստենտ) կամ գրառող մասնագետներ վարձելը, համակարգչային ծրագրային փաթեթներ ձեռք բերելը, որոնք սովորաբար չեն տրամադրվում համալսարանի կողմից, և ճանապարհածախսը՝ ներառյալ Արցախ այցելության ծախսերը։
  • Դրամաշնորհները չեն հատկացվում երկրորդային ծախսերի համար, ինչպես օրինակ՝ վարչական ծախսերը, ուսումնառության կամ գիտաժողովների հետ կապված ծախսերը, աշխատավարձը և այն ամենի հետ կապված ծախսերը, ինչը սովորաբար հատկացվում է համալսարանների կողմից՝ համակարգիչներ, գրքեր, համակարգչային ծրագրային փաթեթներ և այլն։ 
Դիմումների ընդունման գործընթացը

Դրամաշնորհային ծրագրի դիմում-հայտերն ընդունվում են անգլերեն լեզվով՝ MS Word կամ PDF ձևաչափերով։ Հայտերը պետք է պարունակեն հետևյալը․ 

  • շուրջ 1000 բառ ծավալով հետազոտական հայտը, որտեղ ընդհանուր գծերով պետք է ներկայացված լինեն հետազոտության հիմնավորումն (նորույթը և արդիականությունը) ու կառուցվածքը, հետազոտական հստակ հարցերը, հետազոտության հիմքը կազմող նախորդ հետազոտւթյուններն ու տեսությունները, նկարագրված լինեն հետազոտության իրականացման մեթոդները, և ամփոփ ներկայացվեն հետազոտության նպատակները,
  • 1-էջանոց մանրամասն հետազոտական բյուջեն, որտեղ պետք է նշված լինեն այն կետերը, որոնց համար դիմորդը ֆինանսավորում է հայցում
  • ընթացիկ ինքնակենսագրությունը (CV)։
Դրամաշնորհառուներին ներկայացվող պահանջները
  • դրամաշնորհ ստացողները պետք է մինչև 2017  թ․ հունվարի 30-ը ծրագրի կազմակերպիներին ներկայացնեն հետազոտության վերջնական զեկույցը, որը պետք է նկարագրի հետազոտության հիմնախորքը, օգտագործված մեթոդները, եզրակացությունները և դրամաշնորհի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ։
  • դրամաշնորհառուները պետք է դրամաշնորհի շրջանակներում իրականացված հետազոտությունների հետագա հրապարակումների ժամանակ նշեն ՀԿՀ Հայագիտության ինստիտուտի ֆինանսական աջակցության մասին։ 
  • հետազտության անցկացման ժամկետները որոշվում են հայցորդների կողմից՝ 2016 թ․ հուլիսի 1-ից մինչև 2017 թ․ հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու պայմանով։

Ինստիտուտի մասին

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կազմում 2005 թ․ հիմնադրված Հայագիտության ինստիտուտն (տնօրեն՝ Սալբի Ղազարյան) աջակցում է տարբեր գիտաճյուղերի շրջանակներում իրականացվող և հետևյալ երեք ոլորտներին առնչվող հայագիտական հետազոտություններին՝ ժամանակակից Սփյուռք, զարգացող Հայաստանի Հանրապետությունը և Ցեղասպանության հետևանքները։ Հիմնադրումից ի վեր ինստիտուտը ծառայել է որպես դասախոսությունների, գիտաժողովների և միջոցառումների հյուրընկալ վայր, որտեղ ուսումնասիրվել և քննարկվել են հայագիտության հարցերը:

Աղբյուրը՝ http://armscoop.com