Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սիրահարներների օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

2015թ. փետրվարի 14-ին` Սիրահարների օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում ուսանողական խորհուրդը նախաձեռնել էր տոնական միջոցառում, կազմակերպել էր բաց նամակագրություն, որին մասնակցեցին բոլոր ֆակուլտետների ուսանողները:

Այնուհետև մասնաճյուղի բակում ուսխորհրդի անդամները ուսանողներին նվիրեցին սրտաձև փուչիկներ:

Աշխարհի մոտ 100 երկրում փետրվարի 14-ը նշվում է որպես Սիրահարների օր:

Ի սկզբանե այն նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին։

Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան` զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Նա կալանավայրում բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։

Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։

Այս պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականին՝ հռոմեական կայսր Կլավդիոս II-ի օրոք: Իսկ 496-ին Հռոմի պապ Հելասիուս I-ը փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:

Այսօր աշխարհի շատ երկրներում այն պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։
Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ:

Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:

Իտալիայում, որտեղից, ըստ լեգենդի, առաջացել է Սուրբ Վալենտինի տոնը, փետրվարի 14-ը անվանում են «քաղցր» օր: Այս օրերին այնտեղ մարդիկ միմյանց նվիրում են կոնֆետներ, թխվածքաբլիթներ և սրտաձև շոկոլադներ:

Քաղցրավենիք նվիրելու սովորությունը կա նաև Ամերիկայում: Դեռ ոչ վաղ անցյալում այստեղ սիրահարված աղջիկները և տղաները իրար նվիրում էին մարցիպաններ, դա համարվում էր շատ թանկարժեք նվեր, որովհետև մարցիպանը պարունակում էր շաքար, որն այն ժամանակ շատ թանկ արժեր:

Ֆրանսիայում Սուրբ Վալենտինի տոնի առիթով միմյանց առաջներում նվիրել են գեղեցիկ քառատողերով բացիկներ: Բացի այս բացիկներից՝ Ֆրանիսայում նվիրում են նաև կոնֆետներ, ռոմանտիկ ճանապարհորդության տոմսեր, արհեստական ծաղիկներ և այլն:

Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրը նման է մարտի 8-ին, սակայն այս օրը սեր խոստովանում, նվերներ են տալիս միայն աղջիկները:

Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ, որի համաձայն՝ երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ և հերթով հանում դրանցից մեկը:Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ` մինչև մյուս Սիրահարների տոնը:

Ուելսում (Միացյալ Թագավորության չորս կարևոր վարչադիվանագիտական մասերից մեկում) սիրահարները այս օրը շատ յուրովի նվեր են միմյանց համար պատրաստում: Նրանք, ծառը փորելով, հանում են գդալանման մի հատված` «սիրո գդալներ», այնուհետև դրանք զարդարում են տարբեր սրտերով և բանալիներով, որից հետո նվիրում իրար: Այս ամենը նշանակում է` «Դու գտել ես դեպի իմ սիրտը տանող ճանապարհը»:

Գերմանիայում Սուրբ Վալենտինը ոչ թե սիրահարների պաշտպանն է համարվում, այլ հոգեկան հիվանդների: Այս օրվա կապակցությամբ այստեղ հոգեբուժարանները զարդարում են, իսկ եկեղեցում հատուկ պատարագ են մատուցում:

Իսպանիայում այս տոնը նշվում է ոչ թե փետրվարի 14-ին, այլ մայիսի 1-ին, Բրազիլիայում ` հունիսի 12-ին:

Հայաստանում Սուրբ Վալենտինի տոնը համընկնում է Տյառնընդառաջի տոնին:

Ըստ եկեղեցական ավանդության` Տրնդեզի տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարի հետ։

Այդ օրը` վաղ առավոտյան, մեծահասակ կանայք, եկեղեցուց վերադառնալով, Տրնդեզի ուտեստներ էին պատրաստում ու բաժանում տնեցիներին։

Կեսօրից հետո նորահարս ունեցող ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում։

Խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները։

Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին։ Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաև ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ, իսկ վերջում՝ երեխաները։

Այս ավանդույթը մինչև օրս էլ մեզանում պահպանված է։