Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

Հարգելի՛ ուսանողներ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին:

Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագիրը ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև 4 շաբաթ տևողությամբ պրակտիկա (առնվազն կես օրվա ներգրավվածությամբ) անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի գրեթե բոլոր քաղաքների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը՝ հնարավոր երկարաձգմամբ: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից, իսկ լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսման և կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոնների համար դիտարկվելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները, կարողություններն ու մասնագիտացումները.

  1. Հմուտ հաղորդակցում:
  2. Դրական մոտեցում/էնտուզիազմ:
  3. Տեղեկատվությունն արագ ընկալելու և յուրացնելու կարողություն:
  4. Հարգանք/էթիկայի նորմերի պահպանում:
  5. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը և/կամ օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ:
  6. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8 ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրականը և կից նամակ, որի մեջ պետք է պատատասխանել հետևյալ հարցին՝ «Ի՞նչ կփոխեի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում», ինչպես նաև պարտադիր պետք է նշել Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի՝ արդեն 3-րդ և 4-րդ կուրս փոխադրված, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրս փոխադրված ուսանողները:

Անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 17-ը դիմումներն ուղարկել vc-mtsschool@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը: