Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վոլեյբոլի մրցույթում հաղթեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը

ԵՊՀ ԻՄ-ում արդեն երեք տարի գործում է “Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր” ծրագիրը, որի շրջանակներում իրականացվեց թվով 10-րդ` “Համախմբվենք սպորտով” ծրագիրը: “Համախմբվենք սպորտով” ծրագրի նպատակն էր նպաստել համայնքում կազմակերպվող սպորտային միջոցառումներին իգական սեռի մասնակցության ակտիվացմանը:

Ծրագրային թիմը կազմակերպեց վոլեյբոլի մրցույթ ԵՊՀ ԻՄ չորս ֆակուլտետների աղջիկների հավաքականների միջև: Մրցույթն անցավ լարված և համառ պայքարում:

Մրցույթի հաղթող ճանաչվեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց Տնտեսագիտական ֆակուլտետի թիմը, որոնք էլ պարգևատրվեցին մեդալներով և գավաթներով: Մյուս երկու թիմերն ստացան հուշանվերներ, որոնք տրամադրել էր Իջևանի քաղաքապետարանը: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով:

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց հաղթող թիմի ներկայացուցիչ Անուշ Ղազարյանը, լավագույն ավագ ճանաչվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի թիմի ավագ Անգին Մամյանը: Խաղի մրցավար Վարդիթեր Պողոսյանը ևս ստացավ հուշանվեր, որը հանձնեց Իջևանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը:

Թիմերին սպորտային հագուստ և մարզակոշիկներ տրամադրել էր Վորլդ Վիժն Հայաստան Տավուշի տարածքային զարգացման ծրագիրը:

Ծրագրային թիմը շնորհակալություն է հայտնում Ջինիշյան հիշատակի հիմնադրամին` մրցույթի ֆինանսավորման համար, և ծրագրի բոլոր աջակիցներին: