Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Սխալ-մեղք-ապաշխարություն» թեմայով բաց դաս

2015թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետների գրադարանում «Սխալ-մեղք-ապաշխարություն» թեմայով բաց դաս անցկացրեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Ազատի Զորոյանը:

Բաց դասին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողներ:  Հ.Զորոյանը, մարդկային արարքները դասակարգելով ըստ նրանց բնույթի (բարի, չար, լավ, վատ, ճիշտ, սխալ և այլն), մասնավորապես նշեց, որ սխալ արարքները չշտկվելու դեպքում հանդես են գալիս որպես մեղքի և մեղսագործության նախադուռ: Քրիստոնեական դավանաբանությունը ենթադրում է, որ սխալի շտկումը, մեղքի բեռի թեթևացումը տեղի է ունենում 7 հիմնարար խորհուրդներից մեկի` Ապաշխարության միջոցով:

Բաց դասի ընթացքում սխեմատիկ եղանակով ներկայացվեց ապաշխարության բանաձևը (ա/արարքի գիտակցում, բ/անկեղծ զղջում, գ/հրապարակավ խոստովանություն, դ/մեղքերի թողություն), ցույց տրվեց այդ խորհրդի էվոլյուցիան (բարեշրջում), օրինակներ բերվեցին Աստվածաշնչից, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկից, դասի թեման կապվեց ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրների հետ:

Վերջում կրոնագետ Զորոյանը պատասխանեց մասնակիցների ուղղած հարցերին. ծավալվեց հետաքրքիր քննարկում: